»N1H1-ի ռիսկային փուլն անցել է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հարցին՝ Կառավարության ծրագրում ներառված առողջապահության ոլորտին վերաբերող հատվածը բավարա՞րում է, նախարարն արձագանքեց. «Այո՛: Ծրագրում շեշտադրում կա ոլորտի բարելավման մասին: Առողջապահության ոլորտը բարելավվելու է՝ անկախ ծրագրում գրվածից»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագիրը խնդիրներ է հարուցել, և կարծիք կա, որ այն առանց մասնագիտական քննարկման է մեկնարկել, Ա. Թորոսյանը հակադարձեց, նշելով, որ ծրագիրը մասնագետների կողմից է առաջարկվել դեռ 4 տարի առաջ, քննարկվել է: «Ծրագրի վրա աշխատել են թե՛ Երևանի լավագույն մասնագետները, թե՛ հայ գործընկերները՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից և Մոսկվայից, ինչպես նաև արտասահմանցի գործընկերներ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ փետրվարի մեկից մեկնարկած ծրագրի շրջանակներում արդեն անվճար բուժօգնության 7 դեպք կա, որոնցից 4-ի դեպքում քաղաքացին իր ոտքով է տուն գնացել:
Նախարարը նաև ընդգծեց, որ բոլոր այն վիրահատությունները, որոնք արվել են չարորակ նորագոյացություն, քաղցկեղ ախտորոշման դեպքում, միշտ եղել են պետպատվերի շրջանակում, սակայն պետության միջոցների անբավարար լինելու պատճառով իրականացվել են համավճարով, համաֆինանսավորումով. «Շատ փոքր մասը վճարում էր պետությունը, մեծ մասը՝ պացիենտը… Այժմ քաղցկեղ ախտորոշում ունեցող հիվանդը վիրահատության համար չի վճարի, ամբողջությամբ կվճարի պետությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































