Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ պետք է կայանար բանդայի գործով հերթական դատական նիստը:
Նախորդ նիստի ժամանակ քննարկման էր դրվել նախագահող դատավորի փոփոխության հետ կապված՝ գործի դատական քննությունը նորից սկսելու կամ ընդհատված տեղից շարունակելու հարցը:
Պաշտպանների մեծ մասն ու ամբաստանյալները ցանկացել էին, որ դատաքննությունը շարունակվի ընդհատված տեղից:
Մեղադրողը ժամանակ էր խնդրել իր դիրքորոշումը ճշտելու համար՝ հիմնավորելով, որ պաշտպանների կարծիքների մեջ որոշ հակասություններ կային, մասնավորապես պաշտպան Հովիկ Արսենյանի տեսակետով՝ գործի քննությունը ճիշտ կլիներ սկսել սկզբից:
Այսօրվա դատական նիստին դատապարտյալների հիվանդանոցից հերթական անգամ չէր ներկայացվել ամբաստանյալ Քյարամ Ամոյանը: Ստացվել էր գրություն դատապարտյալների հիվանդանոցից, թե Ամոյանը ներկա առողջական վիճակով չի կարող մասնակցել այսօրվա նիստին:
Ամոյանի շահերի պաշտպան Սամվել Հովհաննիսյանն ասաց, թե ինքը կասկածներ ուներ, որ Ամոյանը, գտնվելով դատական նիստերին, անընդհատ գլուխը դնում էր սեղանին, կարծես՝ ոչ մի բան չէր ընկալում: «Հարց եմ բարձրացրել, որ նրան հոգեբույժ այցելի: Հոգեբույժը երկու ժամ հետազոտել է ու եզրակացրել, որ չի կարելի Ամոյանին դատական նիստերի տանել, նա չի հասկանում՝ ինչ է կատարվում… Հնարավո՞ր է Ամոյանի հետագա մասնակցությունը նիստերին, միգուցե նպատակահարմար լինի անջատել նրա մասը, որպեսզի նիստերը չհետաձվեն: Ինքն էլ է նեղվում, ասում է՝ իմ պատճառով տղաների վիճակը ձգձգվում է»…
Մեղադրող Խաչատրյանն ասաց, թե նիստը այսօր չի կարող շարունակվել ամբաստանյալի բացակայությամբ:
Փետրվարի 5-ին Ամոյանի շահերի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Պաշտպանը հիմք է ընդունել հոգեբույժ Չիլինգարյանի կողմից Ամոյանին այցելելու արդյունքում տված եզրակացությունը, ըստ որի՝ նպատակահարմար է, որ հիվանդը գտնվի նյարդաբան հոգեբույժի հսկողության տակ, նշանակվի բուժում, քանի որ նրա վիճակի վատթարացում է տեղի ունեցել:
Նախկինում Ամոյանի նկատմամբ նշանակված է եղել դատահոգեբուժական փորձաքննություն, նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, նշվել է, որ կարող է մասնակցել դատական նիստերին, սակայն, փաստորեն, հետագայում Ամոյանի վիճակը վատացել է, ու հիմա էական հարց է՝ կարո՞ղ է նա մասնակցել հետագա դատաքննչական գործողություններին
Մեղադրող Խաչատրյանն ասաց, թե որևէ հիմք չկա հոգեբույժ Չիլինգարյանին չվստահելու համար. «Չեմ առարկում, որ Ամոյանի նկատմամբ նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն: Եթե չի կարող մասնակցել, ապա փակ շրջանում կհայտնվենք՝ առանց նրա նիստ չանելու ու նրա բացակայությամբ պաշտպանի միջնորդությունը չքննարկելու դեպքում: Ամոյանը պաշտպան ունի, փորձաքննության կատարումը բխում է ամբաստանյալի շահերից, դրա նշանակումը չի դիտվի որպես նրա իրավունքների ոտնահարում»:
Պաշտպան Սաֆարյանն ասաց. «Հետաձգենք, բայց մարդը կարող է՝ ընդհանրապես չբուժվի, նիստեր չանե՞նք: Պետք է նշանակել փորձաքննությունը, արդյունքներն ստանալ ու շարունակել աշխատանքը»:
Մյուս պաշտպանները ևս կողմ էին միջնորդության քննարկմանը Ամոյանի բացակայությամբ: Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն ասաց. «Էդ մարդու գործն անջատեք, թող գնա բուժվի, ամեն անգամ մեր գործը հետաձգվում է»:
Դատարանը, հաշվի առնելով, որ դատապարտյալների հիվանդանոցից ստացված գրության համաձայն՝ Ամոյանն այսօրվա նիստին չէր կարող մասնակցել, մեկ անգամ ևս նիստը հետաձգեց՝ հաջորդ նիստին փորձելով ապահովել Ամոյանի ներկայությունը, հակառակ դեպքում անգամ նրա բացակայության պայմաններում կքննարկվի պաշտպանի միջնորդությունը:
Նախագահողն Ամոյանի մասին, ըստ նախորդ նիստից ստացած տպավորության, ասաց. «Այնպես չէր, որ ընդհանրապես չի գիտակցում, նա տվեց որոշ պարզաբանումներ: Բայց եթե հաջորդ նիստին էլ չկարողանա ներկայանալ, կունենանք անհարկի ձգձգման վտանգ: Հաջորդ նիստին կլսենք մեղադրողի դիրքորոշումը գործի քննության հետագա ընթացքի վերաբերյալ, ապա կքննարկվի պաշտպան Հովհաննիսյանի միջնորդությունը»:
Դատական նիստը հետաձգվեց ևս մեկ շաբաթով:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար:
Կազմակերպված հանցավոր խմբի հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունևոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա:








































