Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 1-ից Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում, որը հիմնականում բնակեցված է քրդերով, մտցվում է ժամանակավոր ռազմական դրություն։ Այդպիսի որոշում է կայացրել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարությունը։
Եռամսյա ռազմական դրությունն իրենից ենթադրում է նաև այդ շրջաններում բնակվողների համար պարետային ժամի սահմանում։ Ժամանակավոր ռազմական դրությունը պետք է ձգվի մինչև հոկտեմբերի 1-ը։
Հիշեցնենք, որ ներկայումս ավարտվել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հայտարարած զինադադարի ժամկետը, և անորոշ է մնում դրա հետագա ճակատագիրը։ Իսկ դա հանգեցնում է նրան, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում շարունակ բախումներ են գրանցվում Անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև։









































