«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
– Պարոն Մանուչարյան, ԱԺ ոչ իշխանական ուժերը միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Ազատամարտիկներն էլ իրենց հերթին նախաձեռնել են երկրում հեղափոխություն իրականացնել: Հնարավո՞ր է քաղաքական ուժերը և ազատամարտիկները միավորվեն՝ իշխանափոխության հասնելու համար:
– Հիմա շատ պատասխանատու ժամանակ է Հայաստանի համար, շատ խորը առճակատում կա հետխորհրդային տարածքներում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Ուկրաինայի իրադարձություններն են բերել այդ խորացմանը, և ինչքան էլ Արևմուտքը և Ռուսաստանը միմյանց մոգական բառեր են ասում՝ այդ գործընթացը շարունակվում է: Ուկրաինայի և Հայաստանի միջև շատ խորը նույնություն կա, իրավիճակը զարգանում է նույն տրամաբանության մեջ: Հայաստանի համար այսպես է. Արևմուտք-Ռուսաստան այդ բախումը այստեղ Հայաստանի տարածքում մի կողմից ժողովրդի համար ճեղքման մեծ հնարավորություն է ստեղծում, որպեսզի ազատվի այս ստոր, նողկալի համակարգից, որում մենք ապրում ենք, մյուս կողմից էլ` խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, որովհետև ամեն մի շեղում դեպի լուրջ ճեղքում տանող նեղ արահետից կարող է շատ խորը ճգնաժամի բերել՝ նույնիսկ Մարտի 1-ին գերազանցող:
Ես կարծում եմ, որ հիմա շատ պատասխանատու պետք է գործեն բոլորը՝ թե՛ ազատամարտիկները, առաջին հերթին գուցե նրանք, որովհետև վստահության շատ լուրջ շրջանակ է, և նրանք, ի տարբերություն կուսակցությունների, չունեն իշխանություն ձեռք բերելու հետ կապված շահեր, նրանք ուղղակի ուզում են իշխանության, երկրի կյանքի որակը փոխել: Այս տեսակետից բոլոր կուսակցությունները, ՀԿ-ները, ազատամարտիկները և ընդհանրապես հայ ժողովուրդն ամբողջությամբ պետք է խիստ միասնական գործելու անհրաժեշտություն դրսևորեն: Ես կարծում եմ, որ միակ ձևն այն է, ինչ դրսևորել են ազատամարտիկները. ամբողջ ժողովուրդը համախմբված մեկ օրում պետք է ոտքի կանգնի, որովհետև հակառակ դեպքում կառաջացնեն ցնցումներ, դրսի երկրների բախումները կբերեն ցնցումների: Այսինքն` հատվածային գործողությունները վտանգավոր են` հատկապես, եթե միտում ունեն պաշտպանել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնը, և միայն ժողովրդի միասնական ընդվզումը կբերի նրան, որ ժողովուրդը դառնա իրավիճակի տերը: Այդ դեպքում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը հաշվի կնստեն ժողովրդի և նրա կամքի հետ:
– Մտավախություն չկա՞, որ ևս մեկ անգամ էլ ժողովդրին փողոց հանելով` նորից կհիասթափեցնեն:
– Ժողովրդի ցանկացած դուրսբերումը հիմա վտանգավոր է, որովհետև այն կողոպուտի շրջանակները, որոնք իշխում են այսօր հանրապետությունում, նրանք այդ ընդվզումը Ռուսաստանին փորձելու են ներկայացնել որպես հակառուսական և ստանալով նրա աջակցությունը` փորձելու են ճնշել այդ գործողությունը, դա անթույլատրելի զարգացում է մեզ համար: Դրա համար մենք այլ ձևի ենք ձգտում: Համատարած ընդվզումը չպետք է լինի այնպես, ինչպես, օրինակ, 2007 թվականին էր, երբ Ղարաբաղի հատվածը, պատերազմի մասնակից հատվածը դեմ էին Տեր-Պետրոսյանին, որովհետև Ղարաբաղի հարցում նրա քաղաքականությունը անընդունելի էին համարում, կամ ասենք` Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա գործողությունը, որը նույնպես հատվածային էր. այս անգամ չպետք է կրկնվի նման բան: Հիմա պետք է լինի ամբողջ ժողովուրդը: Մի նեղ շրջանակ, որը կողոպուտով է զբաղված և ցանկանում է այդ կողոպուտը շարունակել, ամբողջ ժողովուրդը պետք է այդ կողոպուտի համակարգի դեմ ընդվզում ցույց տա:
– Իսկ ժողովրդին առաջնորդ պետք չէ՞:
– Առաջնորդներ միշտ լինում են, բայց շատ ավելի լայն շրջանակ, քան մինչ այսօր եղել է: Ղարաբաղյան շարժման ժամանակ կար առաջնորդ՝ «Ղարաբաղ» կոմիտեն էր, բայց անգամ այն այդպես առաջնորդ չէր. տարբեր շրջանակներ զբաղվում էին տնտեսական հարցերով, մշակութային ու արտաքին քաղաքական, և կարող էին տարաձայնություններ լինել այդ շրջանակների և «Ղարաբաղ» կոմիտեի միջև, և դեռ հարց էր՝ ո՞ւմ կարծիքն էր անցնող, այսինքն` շարժումն այդպես բազմազան էր: Դա բերում է նրան, որ քննարկումն ավելի կոնսոլիդացված է լինում, ավելի լայն ծավալով, և դա լրիվ ընդունելի տարբերակ է:
– Պարոն Մանուչարյան, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մեթոդներով եք հասնելու հեղափոխության: Ուկրաինայում այդ գործընթացը լինում է նախարարություններ, շենքեր գրավելով, իսկ մեզ մո՞տ:
– Դա Ուկրաինան է, հայ ժողովուրդն ունի իր փորձը, Ուկրաինան ավելի սկսնակ է այդ առումով, մենք 88 թվականին ոչ մի շենք չենք գրավել, ոչ մի թուղթ գետնին չի եղել, ամեն ինչ բացարձակ մաքուր է եղել, ամեն ինչ անվրեպ է եղել, և ճիշտ հասկացեք՝ շատերը հեղափոխություն ասելով հասկանում են, որ հրացանավոր կամ քարը ձեռքին մարդը ինչ-որ տեղ է գնում, բացարձակապես այդպես չէ, հեղափոխություն նշանակում է իշխող կյանքը փոխել, արժեքները փոխել: Հիմա արժեքը փողն է՝ պետք է փոխել դա, մարդն է արժեք դառնալու: Այդ փոփոխությունը կկատարվի տարրական ձևով, ժողովուրդը կդառնա իշխանություն: 88-ին կային իշխանավորներ՝ այն ժամանակվա առաջին դեմքը, հինգերորդ, տասներորդ դեմքերը` անկախ նրանից, թե ով էր, որոշումն ընդունում էր ժողովուրդը, և բոլոր մարդիկ ենթակա էին, նրանք կամ կատարում էին ժողովրդի կամքը, կամ հեռանում: Հիմա նույնն է լինելու, եթե ժողովուրդը ոտքի կանգնեց՝ մեկ ակնթարթում այդ Բաղրամյան 26, 27, 29, բոլորը սկսելու են ենթարկվել ժողովրդին, ենթարկվել` հեռանալ, ենթարկվել` բանտ նստել:
– Մի այսպիսի տարածված տեսակետ կա, թե ժողովրդի մեջ նստած է արտագաղթողի հոգեբանությունը և ոչ մի կերպ այլևս ոտքի հանել չի լինի:
– Այդ արտագաղթողի հոգեբանությունը դրսից ներմուծվող զգացում է, մեր դեմ կատարվող հոգեբանական պատերազմի դրսևորում, դա նույն պատերազմն է, ինչ որ Ղարաբաղյանն էր, նույն Ցեղասպանությունն է, ինչ որ 1915 թվականին: Մենք պետք է իմանանք, որ դա անում է մեր թշնամին, և ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք մեզ վհատվել, այլ պետք է հստակ որոշենք, որ օրն ենք ոտքի կանգնում և ինչպես ենք գործում: Ես կարծում եմ, որ այդ գործընթացները, որ հիմա ընթանում են շատ ինտենսիվ են, նրանք բերելու են այդպիսի գործիք: Ուղղակի կարևորը հիմա բոլորի՝ քաղաքական շրջանակների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, իշխանության մեջ գտնվող պատասխանատու անձանց խիստ սթափ գործունեությունն է, դա կբերի հենց այդպիսի ընդվզման: Այսինքն՝ ժողովուրդն ուղղակի ոտքի է կանգնում, և վերջ՝ նա այդպես ընդվզած է, հենց որ նա հայտնվեց Ազատության հրապարակում ամբողջությամբ, երկրի բոլոր հրապարակներում, դա մեկ օրում պետք է լինի համատարած ոտքի կանգնելը, և ամեն ինչ կփոխվի, կլինի ուրիշ ձևով:
– Փաստորեն, վստահություն ունեք, որ մինչ 2017-18 թվականը փոփոխություն կլինի:
– Այն ամենը, ինչի մասին, որ ես խոսում եմ՝ լինելու է արդեն փետրվարին, որովհետև շատ հետաքրքիր առճակատում է Ուկրաինայում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Արևմուտքը դրդելու է ընդվզում բարձրացնել, նպաստելու է, որ մեզ մոտ այդ ընդվզող բաները ուժեղանան: Ռուսաստանը նույնպես Ուկրաինայում դաս է ստացել, որովհետև սկզբից արեց իր այն կոպիտ սխալը, որ միշտ է անում՝ դնելով հաշվարկը միմիայն մի անձի վրա: Ուրեմն սկզբում Արևմուտքը երկու հանցագործ շրջանակների հետ Հայաստանում և Ուկրաինայում եկավ համաձայնության, որ նրանք եվրաինտեգրացիա են ստորագրում, հետո Ռուսաստանը վերջին պահին թույլ չտվեց, որ իր գեոպոլիտիկ շահերը հեռանան, ջարդեց Արևմուտքի գործարքը, և ինքը այդ հանցագործ շրջանակների հետ գործարք կքնեց, և նրանք եկան Ռուսաստանի կողմ: Հետո Արևմուտքը ընդվզում կազմակերպեց նրանց դեմ, և Ռուսաստանը Ուկրաինայում տեսավ, որ ինքը գործարք է կնքել մի հանցագործի հետ, որի դեմ ընդվզել է ժողովուրդը, նա օգտվեց Արևմուտքի սխալից՝ հակառակ ընդզվում բարձրացրեց, թե Արևմուտքն ուզում է կազմաքանդել Ուկրաինայի տնտեսությունը, իսկ դա իրոք այդպես է, և ուզում է Ուկրաինայի ժողովրդի մեջ անբարո բարքեր մտցնել, դա էլ է այդպես: Ռուսաստանն էլ օգտվեց և այդ պատերազմը սկսեց վարել: Հիմա ելնելով դրանից` ես կարծում եմ, որ Արևմուտքն իր սխալը չի կրկնի այստեղ, նա չի խոսում, որ այդ ընդվզումն այստեղ պետք է լինի հանուն ԵՄ-ին միանալու և ընդդեմ Մաքսային միության, նա ասում է, որ աշխարհաքաղաքականը կարևոր չէ, թող ընդզվում լինի՝ ընդդեմ հանցագործ իշխանության, բայց Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ ընդվզող ժողովրդին դեմ կանգնել և պաշտպանել այստեղի Յանուկովիչին՝ դա իր համար անհեթեթություն կլինի, ուրեմն աշխարհի և մեր փորձառությունը մեզ համար պետք է լուրջ հնարավորություն ստեղծի, որ մենք բացարձակապես կյանքի խորը վերափոխման գնանք, և կարծում եմ` մենք դրան կհասնենք և հաջողակ կլինենք:
– Իսկ ի՞նչ կլինի հեղափոխությունից հետո, Հայաստանը կշարունակի՞ շարժվել Մաքսային միության ճանապարհով:
– Հայաստանը կշարժվի Հայաստանի ճանապարհով և կշարժվի այն ճանապարհով, որ օրինակ ծառայի նաև մյուս երկրների համար, թե մարդկությունը ճեղքման անհրաժեշտություն ունի, այն օրենքներով, որ ապրում է՝ նա խորը ճգնաժամի մեջ է և այդ ճգնաժամից դուրս գալու ճանապարհ է փնտրում: Եթե մենք դա գտանք, իսկ մենք անկասկած գտնելու և իրականացնելու ենք, ապա մենք շատ ցանկալի գործընկեր կլինենք աշխարհի բոլոր կողմերի համար: Հայաստանը համադրման վայր է, Հայաստանը չպետք է առճակատվի կամ համագործակցի մեկի հետ՝ ընդդեմ մյուսի, այլ հակառակը. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միայն առճակատումով չեն զբաղված, նրանք տեղեր ունեն, որ համագործակցում են, այ որտեղ համագործակցում են, այնտեղ Հայաստանը նրանց համար կատարյալ գործընկեր է, որովհետև հսկայական մեծ աջակցություն վայելող համայնք ունի և՛ Ամերիկայում, և՛ Ռուսաստանում:










































