Մարդիկ կան, որոնց հրապարակային ցանկացած խոսք սկանդալի, առնվազն տարընթերցումների տեղիք կարող է տալ։ Այդպիսի մարդիկ, որպես կանոն, իրենց տեղում չեն լինում ու, պատկերավոր ասած, նման են այն ծանրորդներին, որոնք իրենց ուժերից վեր քաշ են պատվիրում։
Այդպիսի կերպարի մեջ ամբողջովին տեղավորվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը նախօրեին «Ազատության» եթերում բառացիորեն ասել է. «Բնականաբար, ես ինքս ինձ չեմ պարգևատրել և չեմ էլ պարգևատրելու, սա իմ որոշումն է, որ ես պրեմիաներ չեմ ստանալու։ Իմ՝ քաղաքապետի պաշտոնում գտնվելը շատ սկզբունքային հարց է և կապված չէ գումարների հետ»։
Իհարկե, Մարությանն իր առաքելության սկզբունքայնությունը չի հիմնավորել, ու այդպես էլ պարզ չէ՝ Երևանի քաղաքապետ դառնալը նրա համար մանկության երազա՞նք է, ընկերական շրջապատում ունեցած գրա՞զ, թե՞ մայրաքաղաքի զարգացման տեսլականի առկայություն։ Հուսանք՝ Երևանի քաղաքապետը մի օր այս հարցում մեզ կլուսավորի ու իր սկզբունքը թաքուն չի պահի՝ Երևանի քաղաքապետարանի պարգևատրվածների աշխատակիցների ցուցակի պես։
Սակայն ավելի ուշագրավն այն է, որ Մարությանը հասկացնում է, որ մարզպետների համար իրենց պաշտոնը սկզբունքային չի եղել, այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի շրջապատի պրովինցիալ տղերքը իրենց ձեռքը պաշտոն են գցել գումարների համար։ Լավ չէ, որ Երևանի քաղաքապետը նման կարծիք ունի իր հեղափոխական ընկերների մասին՝ փաստորեն անուղղակիորեն նրանց մեղադրելով չտեսության մեջ։
«Չտեսածների» հետ կապված սկանդալը հասել է Երևան, ու իշխանության ամենաբարձր մակարդակով խնդրին արձագանքելու անհրաժեշտություն է առաջացել։ Նիկոլ Փաշինյանը հիմա Դավոսում է, ու մինչև նրա վերադարձը հասարակական կարծիքը անհրաժեշտ է նախապատրաստել որոշակի լուծման, մանավանդ, որ Լիլիթ Մակունցի, Լենա Նազարյանի երեկվա մեկնաբանություններից հետո պարզ դարձավ, որ հասարակությունը կուլ չի տալու ստանդարտ, «սերժական» պատասխանները։
Այլ խոսքով՝ «չտեսածների» մեջ պետք է մեղավոր «նշանակվի», որին պատժելով՝ հեղափոխությունը ցույց տա իր «կուսությունը»։
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ մի անուն հրամցրել է հասարակությանը։ Սուրեն Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել է՝ Արարատի մարզպետը իրավունք չուներ իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ապա նա, ըստ Պապիկյանի, գործել է օրենքի շրջանակում:
«Խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, և լիազոր մարմինը այս խնդրի հետ կապված, կարծում եմ, քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա», – մանրամասնել է տարածքային կառավարման նախարարը։
Սցենարը գրեթե պարզ է՝ Դավոսից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակավ անդրադառնալու է խնդրին՝ քննադատելով Գարիկ Սարգսյանին կամ նույնիսկ նրան ուղարկելով տուն՝ հարազատ Նոր կյանք գյուղ։
Սակայն ավելի ուշագրավն այն է, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունները գնահատման չափանիշ են ընդունել տեղի ունեցածի միայն, այսպես կոչված, իրավական կողմը, ինչը թերևս հասարակությանն ամենաքիչն է հետաքրքրում։ «Օրենքով արգելված չէ»՝ ասում էին նաև հանրապետականները՝ հետևողականորեն վարկաբեկելով պետական ինստիտուտների հեղինակությունը։
Հիմա ստացվում է՝ Գարիկ Սարգսյանի միակ «մեղքն» այն է, որ նա, ի տարբերություն մյուս մարզպետների, պետությունից «քերել» է օրենք խախտելով։ Մինչդեռ հեղափոխության խնդիրը պետք է լինել պետական այնպիսի վերնախավի կայացումը, որը որակական այլ հատկանիշներ ունենար ու պետական փողեր «քերելու» մասին առհասարակ չմտածեր։ Հակառակ պարագայում ստացվում է, որ մյուս մարզպետները «հրեշտակներ» են, ու Գարիկ Սարգսյանը պատժվում է ընդամենը թվաբանություն չիմանալու հետևանքով։









































