Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, հաղորդում է բելառուսական «БЕЛТА» գործակալությունը:
«Ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որ, այսպես ասած, օրինակ ցույց տամ, որ արդեն ժամանակն է, որ մենք այդ կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների նշանակումից անցնենք գործող երիտասարդ ու խոստումնալից գեներալների, որպեսզի նշանակություն հաղորդենք այս կազմակերպությանը»,- ասել է Լուկաշենկոն:

Հայտնի է, որ Զասը Լուկաշենկոյին է ներկայացրել ՀԱՊԿ անդամ երկրներից Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան կատարած այցերի մանրամասները և հայտնել, որ այդ երկրների առաջնորդները հավանություն են տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությանը:
Ավելի վաղ Հայաստանը հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Յուրի Սեմերիկովը:







































