Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 10-օրյա լռությունից հետո անդրադարձել է Գյումրիում 57-ամյա կնոջ սպանությանը, որի մեջ մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող։ Նա նշել է, որ այս սպանության և 2015 թվականի հունվարին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում շատ կարևոր տարբերություն կա, քանի որ այն ժամանակ պետք էր համոզվել, որ խոր և համապարփակ քննություն է տեղի ունենալու։ «Մեր խնդիրը ո՞րն է՝ որ որևէ գործ ամբողջությամբ քննվի, բացահայտվի, թե մեր խնդիրն է՝ զինվորը որ քրեակատարողական հիմնարկում է պահվում: Կա իրավակարգավորում և եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունն այսօր պարզաբանում կտա: Ամբողջ խնդիրն այն է, որ զինծառայողը չի ձերբակալվել մեր իրավապահների կողմից: Նա ձերբակալվել է ոչ ռազմական բազայի տարածքից դուրս։ Մտահոգությունները քննարկում ենք գործընկերների հետ, բայց գործընթացը չպետք է անհարկի քաղաքականացնել»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե եկեք հարցն անհարկի չքաղաքականացնենք, Փաշինյանը կրկնել է մյուսներին։ «Ռուսաստանի դեսպանն արդեն ասել էր՝ եկեք չքաղաքականացնենք, Հայաստանի վարչապետը կարող էր ուրիշ մի բան ասել։ Նա չպետք է կրկներ դեսպանին։ Մենք շատ ենք լսել «եկեք չքաղաքականացնենք»-ը, և դա պատասխան չէ»,- ասաց նա։
Նրա խոսքերով՝ Փաշինյանը նաև չբացատրեց, թե ինչու չպետք է այս դեպքը համեմատենք Ավետիսյանների սպանության հետ։ «Սա նույն կոծկումն է, ինչ Ավետիսյանների դեպքում է եղել։ Տարբերությունը միայն այն է, որ այն դեպքում մեծ ընտանիք էր սպանվել, այս անգամ մի կին։ Վարչապետը պարտավոր էր հստակ պատասխաններ տալ և հուսադրել, թե արդյոք օբյեկտիվ քննություն կատարվելու է, թե ոչ։ Այո, հիմա էլ կան կասկածներ։ Եվ ինչու է վարչապետը թռուցիկ, կիսատ-պռատ արտահայտություններով խոսում։ Ինչո՞ւ մենք պետք է վստահ լինենք, որ չեն կոծկում այս գործը։ Գուցե դա բացատրեր»,- հավելեց իրավապաշտպանը։
Վարչապետը, ըստ նրա, իր խոսքով ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Իրավապաշտպանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես խուսափել է պատասխաններ տալուց ստեղված իրավիճակի համար, այդ ընտանիքի ծայրահեղ սոցիալական վիճակի համար։ «Ես սա գնահատում եմ որպես անտարբերություն։ Վարչապետը պետք է ուղղակի հրահանգի իրավապահ մարմիններին օբյեկտիվ քննություն կատարելու մասին, բայց նա դա էլ չի արել։ Իրավիճակը նույնն է, ինչ Ավետիսյանների դեպքում էր։ Դեռ Ավետիսյանների դեպքում ՀՀԿ-ն մեկ շաբաթ հետո գործուղեց Գալուստ Սահակյանին, որ գնա ցավակցի ընտանիքին։ Այս դեպքում մենք չգիտենք, որ կառավարությունից որևէ մեկը ցավակցել է արդյոք, ինչ են ասել, ինչով են հուսադրել այդ ընտանիքին։ Այսինքն՝ այս դեպքում վիճակն ավելի վատ է, քան Ավետիսյանների դեպքում էր։ Մեր համեմատությունն ուղղակի հանցագործության բացահայտման հետ է կապված։ Եթե չկան բացատրություններ, թե ինչու են նորից ռուսները ձերբակալել, ես պետք է համեմատեմ նախորդ դեպքի հետ։ Արդեն երևում է, որ չեն բացահայտելու»- նշեց նա։









































