Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է Արշակ Կարապետյանին իրեն խորհրդական նշանակելու հարցին: Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը Զինված ուժերից հեռացվել էր ապրիլյան պատերազմից հետո, տեղեկություններ կային, որ նա ձախողել էր հետախուզությունը: Բացի այդ, մամուլում հրապարակումներ կան, որ նա ընդգրկված է եղել Մարտի մեկի իրադարձությունների կապակցությամբ Պաշտպանության նախարարի 0038 հայտնի հրամանով ստեղծված Երևանի կայազորի պետի վարչակազմում:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 0038 հրամանի կոնտեքստում ՀՀ ԶՈւ մի մեծ կտոր ներգրավված է եղել գործընթացներին:
«Հիմա ի՞նչ եք առաջարկում, առաջարկում եք Զինված ուժերի այդ հատվածը կտրել ու անջատե՞լ Հայաստանի Զինված ուժերից: Այդպիսի բան լինել չի կարող, 0038 հրամանի հետ կապված, ինչպես գիտեք, տեղի է ունենում քննություն, և քննությունն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ: Եվ կապ չունի, թե այդ մարդն ով է: Մենք այսօր խոսում ենք Մարտի մեկի պրոցեսներին Զինված ուժերի ներգրավման մասին: Այդ ներգրավված մարդկանց 90 տոկոսն այսօր էլ Զինված ուժերում շարունակում են ծառայել»,- ասաց նա:









































