ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլու հետ, փոխանցում է «ՀաբերԹյուրքը»:
Հեռախոսազրույցի մանրամասների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Հայտնի չէ նաև, թե կողմերից որի նախաձեռնությամբ է իրականացվել քննարկումը: Ենթադրվում է, որ այն եղել է սիրիական Մանբիջի խնդիրի շուրջ, որտեղ թուրքական ԶՈւ-ն մոտ օրերս պատրաստվում է ռազմական գործողություն սկսել քուրդ զինյալների դեմ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն, հաշված օրեր անց, ռազմական գործողություններ կսկսի Սիրիայի տարածքում Եփրատ գետի աջ ափին տեղակայված քրդական ուժերի դեմ:
ԱՄՆ Պենտագոնը «անընդունելի» էր որակել Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագիրը Մանբիջում: