Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ սկսվեց և ավարտվեց Անդրանիկ Իսոյանի գործի դատական քննությունը:
Անդրանիկ Իսոյանին մեղադրանք էր առաջադրվել որպես զենք գործադրված առարկայով կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ըստ մեղադրանքի՝ Թավշյա հեղափոխության օրերին՝ 2018 թվականի ապրիլի 21-ին, Անդրանիկ Իսոյանը և ինքնությունը չպարզված մի քանի երիտասարդներ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող մեքենաներով հայտնվել են Ուլնեցու 70/1 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ:
Անդրանիկ Իսոյանը, ըստ մեղադրանքի, մահակը ձեռքին իջել է մեքենայից ու, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ՝ կատարել է խուլիգանություն:
Անդրանիկ Իսոյանը գտնվում էր ազատության մեջ՝ նրա նկատմամբ գրավ էր կիրառվել:
Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատարանը գրավոր միջնորդություն է ստացել Անդրանիկ Իսոյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանից:
Միջնորդության մեջ պաշտպանը նշել էր, որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքի համար օրենքով առավելագույն պատիժ է նախատեսված 5 տարի ազատազրկումը:
Վերջին Համաներման ակտի համապատասխան դրույթի համաձայն՝ կարճման են ենթակա այն գործերի վարույթները, որոնցով մեղսագրված է արարք՝ առավելագույնը՝ մինչև 6 տարի ազատազրկում նախատեսող, եթե մեղադրյալի խնամքին են գտնվում մինչև 3 տարեկան երեխա կամ երեխաներ:
Տվյալ դեպքում՝ Անդրանիկ Իսոյանի խնամքին են մինչև երեք տարեկան երկու մանկահասակ երեխա՝ ծնված՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին և 2017 թվականի մայիսի 26-ին:
Պաշտպանը դատարան էր ներկայացրել երկու երեխաների ծննդյան վկայականները և Անդրանիկ Իսոյանի կողմից հայրության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը:
Այս դատական նիստից առաջ ամբաստանյալի կողմից հատուցվել էին գործով անցնող երկու տուժողներին՝ Միքայել Դ.-ին ու Սերոբ Հ.-ին պատճառված վնասները: Վերջիններս դատարանում հայտարարեցին, որ իրենց հասցված վնասի հատուցման պատճառով այլևս գույքային պարտքուպահանջ չունեն ամբաստանյալից ու չեն առարկում, որ նրա նկատմամբ կիրառվի համաներում:
Ինքը՝ ամբաստանյալ Անդրանիկ Իսոյանը, ևս չառարկեց համաներման կիրառմամբ իր գործի վարույթը կարճելու դեմ՝ ասելով, թե գիտակցում է, որ քրեական գործի վարույթը կարճվում է ո՛չ արդարացման հիմքով:
Մեղադրող դատախազ Ա. Առաքելյանը նույնպես չառարկեց համաներման կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճելու դեմ, քանի որ գործով այլևս գույքային վեճ չկա:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Որոշ ժամանակ անց դատարանը հրապարակեց կայացրած որոշումը՝ Համաներման ակտի կիրառմամբ խնամքին մինչև երեք տարեկան երկու մանկահասակ երեխա ունեցող Անդրանիկ Իսոյանի գործի վարույթը կարճվեց, դադարեցվեց նրա քրեական հետապնդումը:









































