Թուրքիայում տեղի ունեցած 100-ամյա վաղեմության իրադարձությունները, որոնք որոշ պետություններ որպես «Հայոց ցեղասպանություն» են որակում, հարկավոր է ուսումնասիրել պատմական տեսանկյունից:
Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում: Վերջինս այցով գտնվում է Անկարայում:
«Այս թեման պարբերաբար մեր հարաբերությունների վրա ստվեր է գցում: Ցանկանում եմ ասել, որ հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ միայն թուրքերի կամ հայերի, այլև մեր ընդհանուր ցավն են: Ճիշտ չէ սերնդեսերունդ այդ ցավը տանելը: Հարկավոր չէ կրկին բացել վերքերը, այլ պետք է, որ այդ թեմայով պատմաբանները զբաղվեն»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:
Գյուլը նշել է նաև, որ միակողմանիորեն այս հարցը չի լուծվի, հարկավոր է միասին աշխատել, և «Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները»:
Օլանդն իր հերթին ասել է, որ «պատմության հետ աշխատանքը կարող է ցավագին լինել, սակայն դա հարկավոր է անել»:









































