«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 5-ի հյուրը «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն է։
«Արմենպրես»-ն այս տարի տոնում է իր հիմնադրման 100 ամյակը։ Խոսելով առաջիկա անելիքների մասին, մեր զրուցակիցն ասաց.«Այդ հարյուր տարին թե՛ պատասխանատվություն է և թե՛ առաջ գնալու մեծ պահանջ։ Մենք հասկանում ենք, որ ժամանակակից լրատվական գործակալությունն այսօր չի կարող արդյունավետ լինել առանց արհեստական բանականության գործիքների զարգացման։ Մենք հասկանում ենք, որ շատ դժվար կլինի առանց միջազգային համագործակցության ևս անհնար կլինի։ Այսինքն՝ հարյուրամյանը մենք չենք դիտարկում զուտ ավանդույթի տեսանկյունից՝ այլ ավելի շուտ պատասխանատվություն, որպեսզի կարողանանք լինել ժամանակակից»։
Արամ Անանյանն անդրադարձավ նաև այն ձևակերպումների, թե ցանկալի կլիներ ապրել «Արմենպրեսի» ներկայացրած Հայաստանում.««Արմենպրեսը» չի ներկայացնում մի Հայաստան, որը գոյություն չունի։ 21-րդ դարում դու չես կարող կեղծել, սևին ասել սպիտակ, այդ դարաշրջանն անցել է։Այսօրվա Հայաստանում ժամանակավրեպ է, անախրոնիզմ է ասել, թե ինչ-որ մի լրատվամիջոց կկարողանա բացահայտ ճշմարտությունները թաքցնել։Դա նման կլինի ջուրը մաղով մի տեղից մյուսը տեղափոխելուն»։





































