Ո՞վ է այսօր հիշում, թե նախընտրական ինչպիսի խոստումներով է քաղաքապետ դարձել Հայկ Մարությանը։ Թերևս՝ քչերը, որովհետև Մարությանը գործընթացի նույնիսկ հերոսը չէր, հետևաբար՝ քաղաքային օրակարգը մղված էր երկրորդ պլան։
Երևանի ընտրությունները մարդկանց հիշողությունների մեջ կմնան հայտնի գաղտնալսման մասին սկանդալով ու Նիկոլ Փաշինյանի «ասֆալտին փռելու» մասին հրահանգով։ Երկուսն էլ, բնականաբար, քաղաքապետական ընտրությունների հետ կապ չունեն, սակայն Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն ձևակերպեց, որ գործ ունենք ոչ թե մունիցիպալ ընտրությունների, այլ հանրաքվեի հետ, որտեղ որոշվելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։
Այս ընտրությունները, թերևս, անցյալի հաշվետվություն են, ավելի շուտ՝ հեղափոխության ու ռեստավրացիայի թիմերի հաշիվմաքրոցի ու որևէ կերպ առնչություն չունեն առաջիկա հինգ տարիների ծրագրերի, տնտեսության, արտաքին քաղաքականության հետ։
Եթե ընտրություններին մասնակցում է «հանցագործների բանդա», ապա նույնիսկ օրինաչափ է, որ քարոզարշավի յուրաքանչյուր օրը պետք է սկսվի քրեական խրոնիկային բնորոշ «բոցով»։ Հենց դրանով էլ հիշվելու են ընթացիկ ընտրությունները։
Օրինակ՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ վաղը գլխավոր դատախազը մտնելու է խորհրդարան՝ հանրապետական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին (Բուլկի Արամ) կալանավորելու միջնորդությամբ։ Անդրադառնալով բացահայտված փաստերին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առնվազն հարց է ծագում` այդ նախարարը, որ կաշառք է վերցրել, այդ 14 միլիոնը վերցրել է, դրել գրպանն ու ազատ պտտվե՞լ, թե՞ այդ կաշառքներն ավելի վերև են հոսել կամ չեն հոսել»։
Փաշինյանը թերևս ճիշտ է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ինքն էլ խորապես համոզված է, որ ԱԺ վաղվա նիստը, ամենայն հավանականությամբ, չի կայանալու։ Քարոզարշավի ամենաթեժ պահին պատգամավորները խորհրդարան չեն գալու ու այդ սցենարը Փաշինյանին նույնիսկ շատ գոհացնում է․ Արամ Հարությունյանը, այսպես թե այնպես, դեկտեմբեի 24-ին կալանավորվելու է, սակայն վաղվա նիստի վիժեցումը առնվազն մինչև քարոզարշավի ավարտը «կսնուցի» Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը» դաշինքի օրակարգը։ Քարոզարշավն ամբողջ թափով կվերադառնա «Մերժիր Սերժին» տրամաբանության դաշտ։ Կարծես՝ ինչ-որ մեկը Փաշինյանի թիմին խանգարում էր հակահեղափոխության հարցերը լուծել անցած յոթ ամիսներին։
Արամ Հարությունյանը, անկասկած, հանցագործ է ու նաև նրան նշանակող նախկին երկու նախագահները, սակայն այս գործը ամիսներով ու նույնիսկ տարիներով քննվել է ու որևէ բան չէր խանգարում սպասել ևս երեք շաբաթ՝ մինչև Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինի ու նրան կարելի կլիներ կալանավորել ընտրական համատեքստից դուրս։ Սակայն իշխանությունների համար, ըստ ամենայնի, դժվար է հասարակությանը կոնսոլիդացնող ավելի հետաքրքիր ու ռացիոնալ թեմա գտնել ու որոշեց օգտվել նախընտրական «բուլկիից»։
Սակայն ինչքան էլ պարադոքսալ է, նախընտրական նույն «բուլկիից» փորձում է օգտվել նաև ՀՀԿ-ն։
ՀՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ համար Արմեն Աշոտյանի խոսքերով՝ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու մասին միջնորդությունը պայմանավորվում է «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի անհաջող ընթացքով.
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվեց քարոզարշավի առաջին շաբաթը և նա հիմա դաշտ է դուրս բերել ուժայիններին: Իր քաղաքական թիմն ապացուցեց իր քաղաքական սնանկությունը, քաղաքական դատարկությունը, տանուլ տվեցին գրեթե բոլոր բանավեճերը»:
Արմեն Աշոտյանի խոսքերով՝ նա չի քննում՝ մեղավոր է Արամ Հարությունյանը, թե ոչ, և որ դա իրավապահների գործն է:
Ըստ նրա՝ կարելի էր սպասել մինչ դեկտեմբերի 24-ը.
«Արամ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից հետո չի լինելու ԱԺ պատգամավոր, ակնհայտ է, որ այս փուլում ԱԺ նիստ շատ դժվար կլինի գումարել, քվորում չի ապահովվի, որովհետև բոլորն ընտրությունների մեջ են, որևէ այլ նպատակ, քաղաքական հակաքարոզչությունից զատ, այս գործը չի հետապնդում»:
Արմեն Աշոտյանի ասածը, թերևս, տրամաբանական ու ռացիոնալ կհնչեր, եթե ՀՀԿ-ն անցած լիներ ինքնամաքրման ճանապարհով ու հասարակությանը ներկայանար նոր դեմքով, հակառակ պարագայում՝ իրավապահ մարմինները նախընտրական ողջ շրջանում պետք է ձեռնպահ մնան հակակոռուպցիոն որևէ բացահայտումից, որովհետև բոլոր դեպքերն այս կամ այն կերպ առնչվելու են ՀՀԿ-ին։
Փաստն այն է, որ այս քարոզարշավը հարուստ է տեսարաններով, որոնցից որևէ մեկը, սակայն, իրական առնչություն չունի առաջիկա ընտրություններ հետո։ Մինչ հեղափոխությունն ու հակահեղափոխությունը իրար մեջ «բուլկի» են բաժանում, քարոզարշավը դառնում է քրեական խրոնիկայի մի բաղադրիչ, «02» հաղորդաշարի հավելված։
Մեր հասարակությունն այդպես էլ մնաց «02» նայող ժողովուրդ, հիմա էլ քաղաքական դերակատարների մասնակցությամբ։
Լուսանկարը՝ Photolure-ի







































