Նոյեմբերի 28-ին Վրաստանում վերջին անգամ ուղիղ քվեարկությամբ տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին :
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին հավաքել է ձայների շուրջ 60 տոկոսը, իսկ նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որին աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ստացել է 40 տոկոս ձայն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը վրացագետ Ջոնի Մելիքյանն է:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընտրությունների առաջին փուլից հետո այս մեկ ամսվա ընթացքում Վրաստանի իշխող կուսակցությունը բավականին լուրջ աշխատանք կատարեց: Մելիքյանի խոսքերով՝ եթե Գրիգոլ Վաշաձեն և նրա աջակիցները մոբիլիզացրել էին իրենց ռեսուրսները դեռ ընտրությունների առաջին փուլում, ապա իշխող կուսակցությունը վերջին մեկ ամսվա ընթացքում սկսեց լուրջ ակտիվ աշխատանք: «Եթե նախկինում թիմի որոշ անդամներ, Սալոմե Զուրաբիշվիլիին չհամարելով թիմի մաս, ցանկություն չունեին աշխատել նրա օգտին, այս անգամ Բիձինա Իվանիշվիլիի համապատասխան հայտարարություններից հետո ստիպված եղան»:
Անդրադառնալով Սաակաշվիլիի հայտարարությանն այն մասին, որ տեղի ունեցած ընտրությունները լեգիտիմ չեն և բողոքի ցույցեր անցկացնելու կոչերին՝ Մելիքյանը փաստեց, որ այս պահի դրությամբ Վրաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման սպառնալիք չի տեսնում, քանի որ, ի տարբերություն առաջին փուլի, երբ իշխանամետ թեկնածուն հաղթեց կես տոկոս առավելությամբ, ապա երկրորդ փուլում թեկնածուների հավաքած ձայների միջև տարբերությունը մեծ է: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չբացառեց բողոքի ակցիաների, ցույցերի անցկացումը, որոնք գլոբալ խնդիրներ չեն առաջացնի: «Այս ընտրությունների մեսիջը հետևյալն է. ունենալով 600 հազար ձայն՝ Սաակաշվիլիի թիմակիցները ունեն 2020թ. խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության համար լուրջ մրցակից դառնալու հնարավորություն… «Վրացական երազանք»-ը պետք է վերլուծի սխալները և պատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին՝ չմտածեն, որ այս անգամ հաղթեցին, մյուսն էլ կլինի, քանի որ արդեն իրենց գոյության խնդիրն է»:
Խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ Մելիքյանը նշեց, որ լավ ժեստ կլիներ, եթե առաջին կամ երկրորդ այցով Վրաստանի նորընտիր նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեր Երևան, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմանի հարաբերություններին: Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններից հետո Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը, տարածաշրջանային քաղաքականությունը էականորեն չի փոխվի: «Հետաքրքիր զարգացումներ կլինեն, այդ ամենը պետք է վերլուծենք, հասկանանք… Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները պետք է ուսուցողական լինեն մեզ համար, եթե կան խոստումներ, պետք է իրականացվեն: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունները հստակ գնահատեն իրավիճակը և իրականացնեն այն ամենը, ինչի համար ստացել են ձայներ և դեռ ստանալու են դեկտեմբերի 9-ին: Ուստի մենք չպետք է կրկնենք «Վրացական երազանք»-ի սխալները: Դրականն այն է, որ մենք իրենցից ենք սովորում, իրենք՝ մեզնից»,- եզրափակեց Մելիքյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































