«Առաջին լրատվական»-ը անդրադարձել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում տեղի ունեցող խմորումներին, անհամաձայնություններին։ Կառույցում տիրող անառողջ մթնոլորտի պատճառը առանց կառույցի անդամների հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու առաջադրելն էր։ ՔՊ-ի մարզային կառույցից Արթիկի կառույց են զանգահարել ու պահանջել երկու անուն ներկայացնել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար։
Քննարկումների արդյունքում որոշվում է երեք անուն առաջարկել՝ Սարգիս Պետրոսյան, Վարդան Քերոբյան և Գրիգոր Վարդանյան։ Վերջնական ընտրվում են Սարգիս Պետրոսյանն ու Վարդան Քերոբյանը։ Կառույցի այն ժամանակվա պատասխանատու Էդգար Կոստանյանը զանգահարում և հայտնում է երկու թեկնածուների անունները, սակայն մարզային կառույցից պահանջում են ոչ թե երկու, այլ մեկ թեկնածուի անուն։
Օրեր անց Արթիկի կառույցի ներկայացուցիչները պարզում են, որ որոշում է կայացվել ընտրել Դավիթ Սեխլեյանին, քանի որ այդպես են նպատակահարմար համարել։ Այդ որոշումը կուսակցության Արթիկի կառույցում ստեղծում է լարված ու անառողջ մթնոլորտ։
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, արդեն պատգամավորության թեկնածու Դավիթ Սեխլեյանը նախկինում կուսակցությունից նեղսրտել էր ու որոշել չայցելել գրասենյակ, չմասնակցել կուսակցական գործերին։ Նեղսրտելու պատճառն էլ եղել էր այն, որ կուսակցության տարածքային կառույցում ստեղծվել էր խորհուրդ, որի անդամ Դավիթ Սեխլեյանը չի եղել։ Սակայն այդ խորհուրդը ձևական բնույթ ունի, քանի որ դրա ոչ մի անդամ կուսակցական չէ, ՔՊ անդամ չէ, իսկ նման խորհուրդները, որպեսզի գոյություն ունենան, պետք է ձևավորվեն կուսակցական անդամներից։
Ինչևէ, դրանից հետո Դավիթ Սեխլեյանը որոշում է չմասնակցել կուսակցության աշխատանքներին։ Հենց դա էր պատճառը, որ Արթիկի տարածքային կառույցի անդամների համար ընդունելի չէր վերջինի թեկնածությունը։ Ինչպես ասում են մարզում, Դավիթ Սեխլեյանին սատարում է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ում պատճառով էլ նման լարված մթնոլորտ է ստեղծվում մարզային տարբեր կառույցներում։ Դավիթ Սեխլեյանը Արթիկի շրջանի Փանիկ գյուղից է, ըստ խոսակցությունների՝ խոստացել է այս ընտրություններում երեք հազար ձայն ապահովել ՔՊ-ի համար, սակայն, ինչպես մեզ հետ անհատական զրույցներում նշում են «Իմ քայլը» դաշինքի համակիրները, սխալ ընտրություն է կատարվել, և այդ ռեյտինգային թեկնածուները 300-400 ձայն հազիվ կարողանան հավաքել։
Անդրադառնալով ՔՊ-ի տարածքային կառույցում տիրող իրավիճակին՝ նշենք, որ Էդգար Կոստանյանը այդ դեպքերից հետո լքել է ՔՊ Արթիկի կառույցի ղեկավարի պաշտոնը։ Այժմ տարածքային կառույցի ղեկավարը Նորայր Երիցյանն է։ Նա մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այժմ մթնոլորտը գրասենյակում նորմալ է, լարվածություն չկա։ «Բողոքներ չունենք, այն մարդիկ, ովքեր բողոքում էին, հանդիպում են մեզ։ Կոնկրետ գրասենյակի հետ կապված ոչ մի բողոք կամ խմորում չկա։ Մենք հենց նույն օրը հանդիպել ենք, ժողով ենք արել, զրուցել ենք, ամեն ինչ հարթվել է։ Ինձ թվում է՝ ֆեյսբուքյան քննարկումները բարձրացրին այդ թեման»,- ասաց նա։
Մեր հարցին՝ կառույցի նախկին պատասխանատու Էդգար Կոստանյանը կամ կառույցի անդամ Գրիգոր Վարդանյանը համագործակցո՞ւմ են, կառույցի պատասխանատուն նշեց՝ նրանք համագործակցում են, գնում գալիս են ու կոնկրետ «Իմ քայլ»-ի համար աշխատելու են մինչև վերջ։ Լարվածության պատճառ դարձած թեկնածու Դավիթ Սեխլեյանի աջակցության մասով մեզ զրուցակիցը վստահեցրեց՝ Սեխլեյանը աջակցություն կստանա. «Ինչ իրեն հասանելիք է, կստանա կուսակցությունից»։ Իսկ ընդհանուր դեռ չմեկնարկած քարոզարշավի կամ հայտնաբերված խախտումների մասով Նորայր Երիցյանն ասաց՝ դեռ հստակ, փաստարկված խախտումներ չեն հայտնաբերել, միայն խոսակցությունների մակարդակով է։
Հիշեցնենք, որ նման պատկեր էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցում, երբ ամեն կերպ թույլ չտվեցին կուսակցության կառուցման գործում մեծ ներդրում ունեցած անդամ Արթուր Համբարձումյանին առաջադրվել՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չեն համարում։ Ինքը՝ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում մանրամասնել էր իր և կուսակցության միջև եղած գաղափարական հակասությունները, որոնց պատճառով ինքը դարձել է մերժված կուսակցությունում, անգամ նիստի ժամանակ քննարկման է դրվել նրան հեռացնելու որոշումը, որին կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Արայիկ Հարությունյանը և Վահագն Հովակիմյանը:







































