Քաղաքագիտական տրամաբանության տեսանկյունից անբնական է, երբ խորհրդարանի ընտրությունից առաջ հասարակությունը գործնականում ոչ միայն չի քննարկում հաղթողի հարց, այլ փաստացի ճանաչել է հաղթող ուժին: Բայց մյուս կողմից, սա միանգամայն բնական է հեղափոխության տրամաբանության և իրողությունների տեսանկյունից և լիովին հասկանալի է, թե ինչու է խորհրդարանի առաջիկա ընտրության ինտրիգը կառուցվում երկրորդ և հաջորդ ուժի կամ ուժերի շուրջ: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ հարկ է խորամուխ լինել հարցի մեջ ոչ միայն ըստ մարզական հետաքրքրության, այլ ըստ քաղաքական: Իսկ այսօր այդ խնդրի շուրջ հետաքրքրությունը, թերևս, մարզական է՝ ով կզբաղեցնի երկրորդ կամ այլ «մրցանակային» տեղը: Խորհրդարանի մանդատը դիտարկվում է իբրև «քաղաքական մրցանակ»:
Այդտեղ արդեն սկսվում է իրավիճակի գնահատման քաղաքական ու, թերևս, քաղաքագիտական անհամարժեքություն, հաշվի առնելով արդեն Հայաստանում ներկայիս իրողությունների հեղափոխական աղբյուրը: Այդ աղբյուրից գործնականում հորդում է այնպիսի ահռելի ծավալի ջրի ալիք, որ խորհրդարանն իբրև խողովակ, չափազանց նեղ է այդ ալիքը տեղավորելու և անցկացնելու համար և ակնառու է, որ դրանից դուրս է մնալու ջրի ահռելի ծավալ, ու թերևս ոչ պակաս ծավալ՝ եթե ոչ ավելի, քան խորհրդարանում տեղավորվելիքը: Հայաստանը թևակոխել է լայնահուն փոփոխությունների ու վերափոխումների արդեն անկասելի մի ընթացք, որում անխուսափելի է նոր համակարգի ձևավորումը: Իհարկե հարց է, թե ինչպիսին կլինի այդ նոր համակարգը, սակայն հստակ է այն, որ համակարգը չի լինի նախկինն ու անխուսափելիորեն լինելու է նոր: Դա իր հերթին նշանակում է, որ ներկայիս խորհրդարանը ընդամենը նոր քաղաքական համակարգի ձևավորման ճանապարհի օղակներից մեկն է, և ամենևին ոչ վճռորոշը: Գործնական, բովանդակային իմաստով նոր խորհրդարանն ունենալու է միայն մեծամասնություն, իսկ ահա ունենալու է Հայաստանն ընդդիմություն, թե ոչ՝ այդ հարցին պատասխանելու է հանրությունը խորհրդարանից դուրս: Այստեղ է պահի քաղաքական առանցքն ու տրամաբանությունը:
Հայաստանի հասարակությունը գործնականում երբեք չի ունեցել քաղաքական բաժանարար գծերի կոնցեպտ: Ավելի շուտ, այն անցել է վատ իշխանության ու լավ ընդդիմության, կամ գող իշխանության ու ազնիվ ընդդիմության, կամ թշնամի իշխանության ու փրկիչ ընդդիմության սահմանով: Անկախության առաջին տարիներին գաղափարախոսական բաժանման փորձերը ի վերջո հանգել են այդ պարզ բաժանմանը, ինչը, ըստ էության, ունեցել է նաև օբյեկտիվ հիմքեր, քանի որ կառավարող էլիտան գործնականում գնացել է ոչ թե քաղաքական համակարգի կայացման, զարգացման ճանապարհով, այլ քաղաքական համակարգի անդամահատման ճանապարհով, որի նպատակը եղել է անձնական հարստացումը, և իշխանությունը, որպես այդ հարստության ծագման և անձեռնմխելիության ապահովման աղբյուր դիտարկելը, ինչը թե անազնվության, թե նաև, ըստ էության, անհատական պարզ, մարդկային որակների ու հատկանիշների բացակայության հետևանք էր:
Թավշյա հեղափոխությամբ թվում է, որ Հայաստանը կանգնում է այդ «դիլեմայի» հաղթահարման, դրանից դուրս գալու և քաղաքականությունն արդեն բովանդակային մրցակցության տիրույթ տեղափոխելու, ըստ այդմ՝ քաղաքական համակարգ կայացնելու և զարգացնելու ճանապարհին: Համենայնդեպս, դա պետք է լինի թավշյա հեղափոխության կարևոր իմաստներից մեկը: Միաժամանակ, անշուշտ, պետք է արձանագրել և այն, որ այդ հեղափոխությունն ինքնին տևական ժամանակ նույնքան օբյեկտիվորեն և նույնիսկ անհրաժեշտաբար լինելու է հենց առաջնորդի ազնվության և առաքելության գիտակցման գերակայության ներքո: Դա ոչ միայն անխուսափելի է, այլ գործնականում հենց այդ հատկանիշներն ու գործոններն են, որ առաջացնում են հեղափոխական գործընթացը և ապահովում դրա բարեհաջող ընթացքն ու ամբողջական, տրամաբանական ավարտը: Այդ իմաստով, հաջորդ փուլում էական է դառնում արդեն հասարակական էլիտաների կամ դրան հավակնող խմբերի դերը և գործունեության էֆեկտիվությունը, հասարակության շրջանում քաղաքական բաժանարար կոնցեպտներ ձևավորելու հարցում, որպեսզի, մի կողմից, առավել լայն գործընթաց լինի հեղափոխության կապիտալիզացիան և ինստիտուցիոնալացումը՝ չմնալով միայն առաջնորդից կախվածության մեջ, ու միաժամանակ նաև հասարակությունը սկսի քննարկել իր քաղաքական առաջնահերթությունները, ձևավորվեն քաղաքական շերտերը, ուրվագծվեն քաղաքական բաժանարար գծերն ու մրցակցության սահմանները: Մի բան աներկբա է, որ դրանք չեն կարող այլևս անցնել լավի ու վատի, չարի ու բարու տրամաբանությամբ, այլապես կստացվի, որ հանրությունը տեղապտույտի, ոչ թե առաջընթացի մեջ է:
Միևնույն ժամանակ հստակ է, որ իր դերն ունի տնտեսական հեղափոխությունն ու նոր տնտեսական կառուցակարգը, առանց որի անհնար է լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում նաև հանրային քաղաքական բաժանումների հարցը, որովհետև դրանց հիմքում անխուսափելիորեն պետք է լինեն նաև սոցիալ-տնտեսական բազաները կամ հենակետերը, ձևավորվեն այս կամ այն քաղաքական բովանդակության պահանջ ունեցող սոցիալական շերտեր, միաժամանակ այդ շերտերն էլ իրենց հերթին ձևավորեն քաղաքական ֆորմատներ կամ հարթակներ: Այս իմաստով կա ոչ միայն հաղորդակցական նոր անոթների ձևավորման խնդիր, այլ նաև այդ անոթները լցնելու: Եվ սա լայնահուն ու ընդհուպ տարիներ պահանջող գործընթաց է, հետևաբար, ներկայումս խոսել Հայաստանում երկրորդ ուժի կամ ընդդիմության մասին, քաղաքական տրամաբանության տեսանկյունից այդքան էլ համարժեք և լուրջ չէ, առավել ևս դա խորհրդարանի ընտրության արդյունքով պայմանավորելը:








































