Կանադան առաջիկա 5 տարիներին Հորդանանին կհատկացնի 105 միլիոն դոլար՝ երկրի տնտեսության զարգացման ծրագրի, ինչպես նաև խնդրիների լուծման համար, որոնք առաջացել են հարյուր հազարավոր սիրիացի փախստականների՝ սահմանը հատելու հետևանքով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Ամանում: Նրան ընդունել է թագավոր Աբդալլահ 2-րդը:
Հունվարի 24-ին վարչապետը կայցելի Զաաթար փախստականների ճամբար, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանից 16 կմ հեռավորության վրա, որտեղ ապաստան են գտել ավելի քան 100 հազար մարդ: Ընդհանուր առմամբ Հորդանանը ապաստան է տրամադրել 576 հազար սիրիացու, ինչը համապատասխանում է թագավորության բնակչության 9%-ին: Փախստականների 35%-ը դպրոցական տարիքի երեխաներ են, որոնց Աբդալլահ 2-րդը թույլ է տվել սովորել Հորդանանի դպրոցներում:
«Մենք Հորդանանը դիտարկում ենք որպես ամենակարևոր գործընկեր՝ առևտրի, զարգացման և աշխարհի տվյալ մասում անվտանգության ապահովման հարցերում: Հորդանանն այժմ բախվում է մեծ խնդիրների հետ սիրիական ճգնաժամի պատճառով: Կանադայի կառավարությունը հակված է օգնություն ցուցաբերել Հորդանանին»,- ասել է նա:









































