Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գործի վերաբերյալ՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին անհապաղ բաց թողնել 2016թ.-ի նոյեմբերից ի վեր կալանավորված քաղաքական գործչին:
Ինչպես հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը, ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ Դեմիրթաշի կալանավորման համար ներկայացված հիմքերը բավարար չեն, նա պետք է ազատ արձակվի, Թուրքիայի իշխանությունները 10.000 եվրոյի չափով բարոյական և 15.000 եվրոյի չափով դատական ծախսերի փոխհատուցում պետք է վճարեն վերջինիս:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել էր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:








































