«Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենն օրերս հայտարարեց, թե ընկերությունը աշխատում է վնասով և չի կարող այդպես շարունակվել, ու նաև հարց տվեց, թե ինչո՞ւ պետք է վնասով աշխատեն: Իսկ վնասով աշխատելու «պատճառն» այն է, որ 2016 թվականին, դառնալով ՀՀ վարչապետ, «Գազպրոմի» թոփ մենեջերական կազմի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը, որպես, այսպես ասած, ժողովրդահաճո քայլ, իհարկե նաև որոշակիորեն տնտեսության ակտիվացմանը նպաստելու համար, նվազեցրեց գազի գինը: Դրա իբրև բացատրություն ներկայացվեց այն, որ «Գազպրոմը» շահավետ պայմանավորվածություն է ունեցել վրացական տրանզիտի հարցում, և դա թույլ է տալիս որոշակիորեն նվազեցնելու Հայաստանում վաճառվող գազի գինը: Միաժամանակ բացատրվեց, թե ակնկալում են նաև գնի նվազեցման հաշվին վաճառքի և շահույթի ավելացում:
Կարեն Կարապետյանն այլևս վարչապետ չէ, և այսօր «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը հայտարարում է, որ վաճառքը և շահույթը չեն ավելացել, և վնասով են աշխատում, ու չպետք է այդպես շարունակվի, հետևաբար կարող է առաջանալ ընդհուպ թանկացման հարց:
Իհարկե, այստեղ հնարավոր է, որ ընկերությունն իր մարտավարական խաղն է խաղում գազի գնի նվազեցման շուրջ գործընթացների ֆոնին, որոնք փաստորեն ընթանում են երեք ուղղությամբ՝ հայ-ռուսական բանակցություն, որի մասին հայտարարել է էներգետիկայի նախարարը, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով և վարչապետին կից աշխատանքային խումբ: Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիան» փորձում է հակակշռել, հակադիր գործընթացի նպատակով առաջ բերել թանկացման հարցը՝ այսպես ասած, նվազեցման գործընթացին հանդիպակաց դիմադրության ռեսուրս ձևավորելու համար: Մյուս կողմից, սակայն, «Գազպրոմ Արմենիայի» տնօրենի հայտարարությունները բերում են հետաքրքիր իրավիճակի քաղաքական համատեքստի առումով:
Բանն այն է, որ երբ Կարեն Կարապետյանը հայտարարեց գազի գնի նվազեցման մասին, խոսվում էր նաև՝ ի պատասխան հարցերի, որ անգամ վաճառքի ծավալները չավելանալու կամ վրացական տրանզիտի իրողությունների փոփոխության դեպքում ռիսկերն իր վրա կվերցնի «Գազպրոմը»:
Այսօր «Գազպրոմը» հայտարարում է, որ մտադիր չէ ռիսկերը վերցնել իր վրա և աշխատել վնասով: Հետևաբար հարց է առաջանում՝ ո՞ւր է Կարեն Կարապետյանը, որը պետք է պատասխան տա հանուն վարչապետության գազի գնի հետ կատարված աճպարարության համար: Որովհետև, ի վերջո, վաղը կարող է դարձյալ ստեղծվել իրավիճակ, երբ պարզվի, որ Հայաստանը 2016 թվականին գազի գնի նվազեցման հետևանքով հարյուրավոր միլիոն դոլարի պարտք է կուտակել «Գազպրոմին», ինչպես 2013-ին պարզվեց 2011-ի համար: Այլ կերպ ասած՝ կա ռիսկ և վտանգ, որ 2016 թվականին վարչապետ նշանակված և 2018-ին վարչապետության ակնկալիք ունեցող Կարապետյանը իրականում մի կողմից՝ փորձել է գազի միջոցով միավոր հավաքել, մյուս կողմից էլ՝ ստեղծել ականապատ իրավիճակ՝ իրենից հետո պայթեցնելու համար:
Համենայնդեպս, առաջանում է հարց, թե որտեղ է հիմա Կարեն Կարապետյանը՝ մարդ, որը առանցքային տնտեսաքաղաքական դեր է ունեցել վերջին երկու տարիների զարգացումներում: Այդ հարցին պետք է առնվազն պատասխանի այն քաղաքական ուժը, որ նրան նշանակել էր այդ պաշտոնին, և որը փաստորեն կրում է հնարավոր ականապատման ռիսկերի համար պատասխանատվությունը:
Խոսքն իհարկե Հանրապետական կուսակցության մասին է, որը խոսում է միակ իրական ընդդիմություն լինելու մասին, մինչդեռ առնվազն կան հիմնավոր կասկածներ, որ միակ և բավական իրական ական է Հայաստանի տնտեսաքաղաքական դաշտում: Համենայնդեպս, քանի դեռ չի տվել Կարեն Կարապետյանի գործունեության ընթացքում առաջացած առանցքային հարցերի խորքային և հստակ պատասխանները:









































