Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը այսօր ներկայացրել է ընտրություններին մասնակցող անձանց նախնական ցուցակները։ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ցուցակների մաքրման աշխատանքները վաղուց են սկսել և արդեն ունեն գրեթե մաքուր ցուցակներ։
Հատկանշական է, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների թիվն ավելացել է։ Այս ընտրություններին ընտրողների թիվը 2 միլիոն 577 հազար 122 է։ Մինչդեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների նախնական ցուցակներում ընդգրկված էր 2 միլիոն 564 հազար 788 ընտրող։ Այսինքն` այս խորհրդարանական ընտրություններին ընտրողների թիվն ավելացել է 12 հազար 324-ով, որը Բիչախչյանը բնականոն աճ է համարում, որում գերակշիռ մաս են կազմում 18 տարին լրացած քաղաքացիները։
Բիչախչյանը նշեց, որ ընտրացուցակներում առկա հիմնական անճշտությունները մահացած անձանց տվյալներն են։ Օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ցուցակներից հանվել է 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ։
Մնացական Բիչախչյանը չի դժգոհում նախապատրաստական աշխատանքների համար նախատեսված կարճ ժամանակահատվածից։ Ասաց՝ իրենց առաջին ընտրությունը չէ։ Մշտական աշխատանքների շնորհիվ ընտրացուցակները հասել են գրեթե կատարելության։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










































