Դեռ երկու շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր կրկին վերանայել հեռուստատեսությամբ ալկոհոլի գովազդի թույլատրման հնարավորության մասին ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկները:
ՀՀ առողջպահության նախարարությունը հապաղում է փոխել բացասական եզրակացությունը ՀՀԿ-ական Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի և մի խումբ այլ ՀՀԿ-ականների հեղինակած փոփոխությանը` «Գովազդի մասին» օրենքում: Կառավարության վաղվա նիստի օրակարգում նման հարց ներառված չէ: Ավելի վաղ մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից ասել էին, որ հարցը դեռ քննարկման փուլում է:
Հիշեցնենք, որ դեռ երկու շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր կրկին վերանայել հեռուստատեսությամբ ալկոհոլի գովազդի թույլատրման հնարավորության մասին ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկները… «Առաջարկում եմ ևս մեկ անգամ քննարկել նախագիծը օրենքի հեղինակների հետ, քանի որ վատ նախադեպ է, երբ կուսակիցները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, իսկ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս… Առաջարկում եմ ևս մեկ անգամ քննարկել և փոխադարձ ընդունելի որոշում գտնել»,- ասել էր Տիգրան Սարգսյանը…
Սա, չնայած այն հանգամանքին, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդգծել էր, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, քանի որ փոփոխությունները պարունակում են էական ռիսկեր, որոնք ուղղակիորեն կապված են քաղաքացիների առողջության հետ… Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է ալկոհոլի գովազդի արգելքից անցնել մասնակի արգելքի` թույլատրել թունդ ոգելից խմիչքի գովազդ ժամը 22-ից 6-ը… Այսօրվա դրությամբ օրենքով արգելվում է հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների (ավելի քան 20 տոկոս թնդություն) գովազդը, բացառությամբ կոնյակի:
Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակ Արման Սահակյանը ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ընկերության նախագահն է և սիգարետի ներմուծմամբ զբաղվող «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերության նախագահը: Իսկ Սամվել Ֆարմանյանը «Հայլուրի» նախկին տնօրենն էր:
Օրինագծի համահեղինակ է նաև ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով երեկ մեր հարցին, թե քանի որ օրենքի համահեղինակներդ ՀՀԿ-ական եք, կարծում եք` Առողջապահության նախարարությունը պետք է փոխի՞ դիրքորոշումը և դրական եզրակացություն տա՞, պատասխանեց. «Ես չգիտեմ, դա պետք է կառավարությանը հարցնեք»: Մեր դիտարկմանը, թե վարչապետի խոսքից ստացվում է, որ ՀՀԿ-ական հեղինակների նախագծերը պետք է ընդունի կառավարությունը, եթե անգամ դրանք բացասական եզրակացություն են ստացել, Մարտիրոսյանն ասաց. «Խոսքը, թերևս, այն մասին է, որ եթե նույն կուսակցության, թիմի ներկայացուցիչ ենք, կարելի է օրինագիծը նախնական փուլում քննարկել, որ կարիք չլինի բացասական եզրակացություն տալ»:
Մամուլում արդեն գրվել է, որ շահագրգիռ կողմ հանդիսացող պատգամավորները լոբբինգ են անում` ինչ-ինչ նպատակներ ունենալով: Լևոն Մարտիրոսյանը չհամաձայնեց, որ օրինագիծը լոբբինգ է արվում որոշակի նպատակներով: «Ֆարմանյանն ի՞նչ կապ ունի հեռուստատեսության հետ, հիմա ոչ մի կապ չունի…Որոշակի ի՞նչ նպատակներով: Խոսքը գնում է որոշակի ժամերին ալկոհոլի գովազդը հեռուստատեսությամբ թույլատրելու մասին, որ հեռուստաընկերությունները ալկոհոլի գովազդից կարողանան շահույթներ ստանան, որովհետև այս պահին մեր հեռուստաընկերությունները, ցավոք սրտի, լավ ֆինանսական վիճակում չեն գտնվում, ինչն օբյեկտիվ պատճառներ ունի. շուկան փոքր է, գովազդատուները քիչ են»:
Մեր հարցին` հենց թունդ խմիչքների գովա՞զդը պիտի լրացնի հեռուստաընկերությունների ֆինանսական այդ բացը, պատգամավորը պատասխանեց. «Այո, իհարկե, խմիչքների գովազդը կարող է լրացնել, թեև խոսքը չի գնում անսահմանափակ գովազդի մասին` ցանկացած պահի և այլն»: Լևոն Մարտիրոսյանին հիշեցրինք, որ Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել` գտնելով, որ ալկոհոլի գովազդի թույլատրումը որոշակի բացասական հետևանք կունենա հանրության առողջության համար: «Այո, խոսքը ամեն դեպքում ալկոհոլի գովազդի մասին է: Լավ օրից չի, որ մենք գնում ենք դրան: Հարցը դեռ պետք է քննարկվի»,- ասաց պատգամավորը: Ասել է թե` Դուք համաձայն եք, որ մեր հանրության առողջության հաշվին հեռուստատեսությունները լրացուցիչ եկամուտ ստանան` զարմացանք մենք: «Առողջության հաշվին չեն ստանում, գովազդի հաշվին են ստանում, առողջությունը դրա հետ կապ չունի: Ամեն դեպքում, ալկոհոլի գովազդը հեռուստաընկերությունից դուրս ամեն տեղ կա, օրինագիծը չի, որ ինչ-որ բան է փոխելու: Ուղղակի հեռուստաընկերությունները կկարողանան լրացուցիչ եկամուտներ ստանալ, որի կարիքն իրենք ունեն»,- բացատրեց համահեղինակը:
Ի վերջո, կարծում եք` ճի՞շտ օրինագծի համար եք լոբբինգ անում` հարցրեցինք Մարտիրոսյանին: «Այո, այո, որ չկարծեի, չէի ստորագրի օրինագծի տակ: …Լոբբինգ չի, միշտ էլ կարելի է ասել` ինչ-որ մեկի շահերին համընկնում է, մյուսին` հակասում»,- պատասխանեց նա` հավելելով. «Ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ալկոհոլի հետ կապ չունեմ, ոչ խմում եմ, ոչ ծխում եմ, վերջերս կրկին մեկնել էի արտասահման` սովաբուժության: Այնպես որ, առողջ ապրելակերպ եմ ինքս վարում և դրա կողմնակից եմ»: Մեր դիտարկմանը, թե ստացվում է` առողջ ապրելակերպի կողմնակից եք, բայց նման օրինագծեր եք հեղինակում ուրիշների համար, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այո, բայց հիմնավորել եմ` ինչու, հեռուստաընկերությունների համար, որ մեր հեռուստաընկերությունները ավելի բովանդակալից լինեն, ավելի շատ ռեսուրս ունենան արտադրանք մատուցելու համար: …Չեմ կարծում, որ գովազդով պիտի գայթակղվեն»:









































