«Սա, իհարկե, ընթացիկ այց է, որևէ բան ակնկալելու կարիք նույնիսկ հույս չկա։ Բնական է, որ եռանախագահ երկրների հատուկ ներկայացուցիչների ձևաչափով շփումները շարունակական է լինելու երկու կողմերի հետ։ Ես այստեղ նորություն չեմ ակնկալում։ Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, ապա նշվեց, որ Ստեփանակերտի մասնակցությունն այս գործընթացին պետք է որոշեն կողմերը, և ակնհայտ է, որ եթե կողմերից մեկի մոտ վերապահում լինի, դա տեղի չի ունենա։ Սա նոր հայտարարություն չէ, սրա մասին պարբերաբար խոսել են տարբեր շրջանակներում, Մինսկի խմբի տարբեր պետություններում։ Այնպես որ, այստեղ էլ նորություն չկա, Լավրովն ասել է այն, ինչը ասվել է մշտապես տարբեր երկրների կողմից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցին։
Նրա խոսքով՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները ի վերջո պետք է կյանքի կոչվեն, որովհետև դրանք կարևորագույն ձեռքբերումներ են, որ տեղի են ունեցել և ինչից փորձում է Ադրբեջանը փորձում է խուսափել։









































