Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպելու ընտրությունները, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ չի ուզում նորից գնահատականներ հնչեցնել 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ:
«Այդ գնահատականները ժամանակին հնչեցվել են և քաղաքական ուժերի, և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների կողմից: Եվ անընդհատ վերադառնալ ու համեմատություններ կատարելը, ես կարծում եմ, տեղին չէ»,- ասաց նա: Մուկուչյանի խոսքով՝ այսօր գործող Ընտրական օրենսգրքում ամրագրված կարգի համաձայն հանձնաժողովը պետք է իրականացնի ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերի մոտ կուտակումներ չկային, հանգիստ իրավիճակ էր: Դա պայմանավորված էր և տեղամասային հանձնաժողովների և ոստիկանության ավելի համակարգված աշխատանքով:







































