ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը պնդում է, որ Թրամփը նախկինում բազմիցս ռասիստական բնույթի արտահայտություններով է հանդես եկել, որոնք վիրավորական են սևամորթների համար: Այս մասին նա ասել է Vanity Fair պարբերականի հետ հարցազրույցում:
Իրավաբանի խոսքով՝ այդպիսի մի միջադեպ է գրանցվել 2016-ին, նախընտրական քարոզարավի ժամանակ: Հեռուստատեսությամբ Թրամփի հանրահավաքը դիտելով՝ Քոնեը Թրամփին ասել է, որ հավաքվածները հիմնականում սպիտակամորթներ էին:
«Որովհետև սևամորթները չափազանց հիմար են՝ իմ օգտին քվեարկելու համար»,-ասել է Թրամփը:
Իսկ 2013-ին՝ Նելսոն Մանդելայի մահվանից հետո, Թրամփը Քոենին ասել է. «Նշի՛ր սևամորթի ղեկավարությամբ մեկ երկիր, որը կեղտոտ փոս չէ: Նշի՛ր մեկ քաղաք»:
2000-ականներին Չիկագոյի աղքատ թաղամասերից մեկով անցնելիս Թրամփն ասել է, որ միայն սևամորթները կարող էին այդպես ապրել:









































