«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, այսօր ելույթ ունենալով Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին, նշել է. «ՀՀ քաղաքացիներ, մենք բոլորս ձեզ հետ ունենք վեհագույն իրավունք և սուրբ պարտք կերտելու մեր ներկան և որոշելու մեր երկրի ապագան: Այդ իրավունքը մենք տիրապետում ենք ՀՀ քաղաքացու արժանապատիվ կոչումը կրելու ուժով: Իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին»:
Նա ասել է, որ այսօր ՀՀ քաղաքացու վզին է փաթաթվում մի օրենք, որով իշխանությունը փորձում է իրենից օտարել իր սոցիալական պատասխանատվությունը և պարտականությունների մի մասը՝ խախտելով իրավունքների և պարտականությունների բնականոն հավասարակշռությունը, իր ձեռքում կենտրոնացնում իրավունքները, իսկ պարտականությունները մեծահոգաբար «զիջում» քաղաքացիներին:
«Մեր վզին փաթաթված կուտակային կենսաթոշակների մասին օրենքը այս տեսքով չի կարող գոյություն ունենալ, եթե մենք մեր Սահմանադրությունը իսկապես համարում ենք մեր երկրի մայր օրենքը, իսկ սահմանադրականությունը գերակա արժեք»,-ասել է նա՝ հավելելով, որ սա սոցիալական քաղաքականության լուրջ և կարևորագույն խնդիր է, և այսօր արդեն պարզ է, որ լուծելու է քաղաքացիական հասարակությունը, քանի որ քաղաքական ուժերը այն չկարողացան լուծել ինքնուրույն:









































