Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մասնավոր բուհերի միավորումը Հայաստանում անխուսափելի է: Միավորումը կապահովի բուհերի ֆինանսավորման արդյունավետությունը: «Մենք խոսել ենք մասնավոր բուհերի վերամիավորման մասին: Եթե բուհերի վերամիավորման ճանապարհով չգնանք, ապա պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է ծախսելու, որն արդյունավետ չի լինի»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ վերջերս Գերմանիայի խորհրդարանում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում է ունեցել: Այնտեղ բոլորը զարմացել էին, որ Հայաստանի նման փոքր երկրում 68 բուհ կարող է լինել: «Շատ երկրներ են գնացել բուհերի վերամիավորման ճանապարհով։ Այդ գործընթացը անխուսափելի է նաև Հայաստանում»,- ընդգծել էր նախարարը:
Մասնավոր բուհերից Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը կողմ է բուհերի միավորմանը։
Ժամանակ առաջ այս թեմայով Արայիկ Հարությունյանը հանդիպել էր մասնավոր բուհերի ռեկտորների հետ։ Նախարարի հետ այդ հանդիպմանը մասնակցած Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ բուհերի միավորման վերաբերյալ նախարարի առաջարկը ընդունելի է, քանի որ բուհերի խոշորացումը կնպաստի որակի արդյունավետությանը։ «Դրանից բուհերի որակը կբարձրանա։ Ասենք, եթե փոքր բուհը մի լաբորատորիա պետք է ունենա, մեծ բուհում հնարավոր կլինի մի քանիսն ունենալ։ Բուհի խոշորացմանը ես կողմնակից եմ, նաև գիտական ինստիտուտների միավորմանը բուհերին, որի դեպքում մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք բուհերում եռաստիճան կրթություն ապահովել, կգնանք ասպիրանտական կրթության։ Գիտաշխատողներ կընդգրկենք, որի արդյունքում կրթության կազմակերպումն ավելի արդյունավետ կլինի։ Այնպես որ, նախարարի առաջարկին ես սկզբունքորեն դեմ չեմ»,- ասել էր Մակիչյանը՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակից մասնավոր բուհերի գրեթե բոլոր ռեկտորներն էլ համակարծիք են եղել նախարարի հետ։ Կոշտ դեմ արտահայտվողներ չեն եղել։ Խնդիրը միայն միավորման եղանակների շուրջ է եղել․«Բուհերի ռեկտորներից շատերը իրենց լավագույն օրինակը ներկայացրեցին, բոլորն էլ սկզբունքորեն դեմ չէին միավորմանը։ Քննարկեցինք և որոշում կայացվեց մեկ ամիս հետո նորից հանդիպել։ Բայց կարծում եմ, որ ճիշտ լուծումն այն է, որ փոքր բուհերը միանան ավելի մեծերին, բայց պարտադիր ուշադրություն պետք է դարձվի այդ մեծ բուհի վարկին, բացառվեն կոռուպցիոն ռիսկերը»։
Նախարարի՝ բուհերի միավորման առաջարկին, սակայն, սկզբունքորեն դեմ է Երևանի Անանիա Շիրակացու անվան համալսարանի ռեկտոր Սեյրան Աֆյանը։ Նրա խոսքերով՝ եթե մենք ապրեինք խորհրդային ժամանակներում և լիներ պլանային տնտեսություն, ապա այդ ժամանակ կարելի էր պլան կազմել և որոշել, թե մեզ ինչքան բուհ է պետք, բուհերը շատ են, թե քիչ, մեզ ինչքան շրջանավարտ է պետք։ «Բայց հիմա շուկայական տնտեսություն է։ Եթե բուհը կարողանում է գոյատևել, ապա թող գոյատևի։ Պետությունը, հակառակը, պետք է պայմաններ ստեղծի, որ փոքր բուհը աշխատի։ Երբ պետությունը շատ է խառնվում այս հարցում, ապա պարտադիր կգտնվեն մարդիկ, ովքեր կօգտվեն առիթից»,- ասաց Աֆյանը՝ հավելելով, որ պետությունը, եթե ցանկանում է դաշտը կարգավորել, ապա պետք է ստեղծի մի մեխանիզմ, որ հավասար մրցակցային դաշտ լինի, և պետությունը ինքը վերահսկի մրցակցությունը։ «Օրինակ` մարդիկ ավարտում են Անանիա Շիրակացու անվան համալսարանը, և պետությունը ասում է ավարտածներին՝ եթե ուզում եք պետական հիմնարկում աշխատել, ապա պետք է քննություն տաք։ Եթե շրջանավարտը կգնա ու կկտրվի քննությունից, թող էլ շրջանավարտ չգա մեզ մոտ։ Սա ընդունված մոդել, պրակտիկա է Եվրոպայում»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ եթե Հայաստանի բարգավաճումը կախված է մասնավոր բուհերի փակումից, ապա առաջինը ինքը կփակի իր ղեկավարած բուհը։ «Չեմ ուզում միավորվել, ինչու եք զոռում։ Պարտադրանք չպետք է լինի։ Եթե ես ուսանող չունենամ, ես կփակեմ բուհս, բայց հիմա ինձ չպետք է ստիպեն, պարտադրեն փակել, միավորել բուհը։ Սա հո խանութ չի։ Ամեն օր խանութ է բացվում, ինչու չեն ասում՝ խանութները շատ են։ Պետք է ստեղծվի մի մեխանիզմ, որտեղ աշխատողը կաշխատի, չաշխատողը՝ չաշխատի։ Պարտադրանքը պետք է բացառել, քանի որ ստեղծված իրավիճակում մեծ բուհերը կլանելու են փոքր բուհերին»,- զայրացած ասաց ռեկտորը՝ հավելելով, որ բուհերի շատությունը ստեղծում է նաև մրցակցային դաշտ, որից շահում են միայն ուսանողները։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքերով՝ բուհերի միավորումը իսկապես անհրաժեշտություն է։ Գործընթացը սկսելիս էլ պետք է հաշվի առնել մասնավոր բուհերի մոտեցումը հարցին, բայց միևնույն ժամանակ էլ պետությունը պետք է հստակ ստանդարտներ սահմանի։ Ստանդարտները պետք է վերաբերեն բուհի տարածքից սկսած, վերջացրած որակի չափանիշներից, որին համապատասխանող բուհերը կմնան, մյուսները՝ կմիավորվեն։ «Պետությունը իրավունք ունի որոշակի չափորոշիչներ դնելու։ Եթե որևէ բուհ չի համապատասխանի դրան, չպետք է գործի։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ բուհերի թիվը շատ է, Հայաստանում նվազ ուսանողների պարագայում չի կարող 60-ից ավելի բուհ լինի։ Միավորումը նորմալ է։ Ինչ-որ լուծում պետք է գտնել։ Օպտիմալացումն անհրաժեշտություն է, երկու կարծիք լինել չի կարող»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ ամեն դեպքում կոշտ քայլերի մեթոդների չպետք է դիմել, որից կարող է տուժել համակարգը։ «Փափուկ մեթոդներ, չափանիշներ են պետք։ Պարզ է, որ մենք չենք ուզում ունենալ 50-100 ուսանող ունեցող բուհեր։ Պետք է լինեն 1000-1500 ուսանող ունեցող բուհեր։ Լավ կլիներ, որ Հայաստանի բոլոր մարզկենտրոններում մեկ բուհ, կամ բուհի մասնաճյուղ լիներ։ Այսինքն` մոտ 15 բուհ ունենանք մարզերում, նույնքան էլ Երևանում։ Այս փուլում 25-30 բուհը Հայաստանի համար լիարժեք բավարար է»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից, այս գործընթացը պետք է ընթանա շահագրգիռ կողմերի ակտիվ քննարկումների արդյունքում։










































