Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը վաղը Ազատության հրապարակում «հյուրի կարգավիճակով» կմասնակցեն «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, հանարհավաք են կազմակերպել և հրավիրել իրենց աջակցող ԱԺ խմբակցություններին:
Հանրահավաքին մասնակցելու են ոչ միայն կուսակցությունների պատգամավորները, այլև երիտասարդական միության թևերը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Գերասիմ Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք, առաջին օրվանից սկսած, այդ շարժման հիմնական դերակատարներից են եղել և վաղը միանշանակ մասնակցելու են հանրահավաքին:
Նա նաև նշեց, որ ձևաչափը հենց այդպիսին է եղել սկզբից՝ քաղաքացիական նախաձեռնությունները և ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, համադրելով գործողությունները, միավորվում են ընդհանուր պայքարի շուրջ:
Մեր հարցին՝ իր գնահատմամբ՝ նախաձեռնությունը կտա՞ իր արդյունքը, թե ինչ-որ կետում ամեն մի ուժ իր սեփական ամբիցիաներն առաջ կտանի, Գ․ Վարդանյանը պաասխանեց․ «Եթե-ներով գնահատական չէի ուզի տալ, բայց այն ինչ որ ունենք՝ պետք է գնահատենք: Այս պահին չորս խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել ժողովրդին հուզող խնդրին աջակցություն ցուցաբերել, միանշանակ՝ այդ հանգամանքին պետք է գնահատական տալ: Ապագայի հետ կապված՝ ոչ ոք ոչինչ չի կարող ասել, մենք լավատես ենք, և 4 խմբակցությունների համագործակցությունը բավականին մեծ դրական նշանակություն ունի թե՛ շարժման համար, թե՛ այն առումով, որ ընդհանրապես մեր երկրի քաղաքական կյանքում սկսում է նոր իրավիճակ ձևավորվել»:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով համատեղ հանրահավաքին, ասաց, որ իրենք դրա կազմակերպիչներից չեն, նման դեպքերում իրենց կուսակցության բոլոր անդամները մասնակցում են՝ եթե հարցը կարևոր են համարում. «Անձամբ ես կարևոր եմ համարում և ամենայն հավանականությամբ կմասնակցեմ, եթե խանգարող հանգամանք չլինի: Թեման, իհարկե, ողջունելի է, լավ է, որ պայքար է ծավալվում այդ օրենքի դեմ: Ուղղակի մենք այդ օրենքով չենք զբաղվել, դա համարում ենք քաղաքացիական հասարակության խնդիր: Բայց որպես քաղաքականություն՝ հարկային քաղաքականության իմաստով, սա մեզ համար բոլորովին անընդունելի որոշում է»:
Նա հավելեց, որ քանի որ այդ նախաձեռնությանն իրենք ուղղակիորեն չեն մասնակցել, անհատական մակարդակով շատերը կարող են մասնակցել հանրահավաքին: Նման հանրահավաքները, Աղայանի դիտարկմամբ, միայն ողջունելի են:
«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամները ևս ողջունում են համատեղ հանրահավաքը: Նրանցից Վարդան Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք անպայման մասնակցելու են:










































