Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Ըստ իս՝ Ձեր ելույթը շատ օգտակար էր առաջիկա զարգացումների առումով»,- իր ելույթում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և հավելեց. «Մեզ մոտ դեռևս հեղափոխություն չի եղել՝ եղել է անցնցում, խաղաղ իշխանափոխություն՝ հեղափոխական փոփոխություններ իրականացնելու նպատակով»:
Նրա խոսքով՝ եթե հաջողվի ապրիլ-մայիս ամիսների քաղաքացիական այդ լուրջ էներգետիկան վերածել քաղաքական լուրջ կապիտալի, ապա կարող են ստեղծվել ինստիտուցիոնալ նախադրյալներ. «Արտահերթ ընտրությունները ունեն մեկ պատմական առաքելություն՝ փորձել նպաստել այդ կապիտալիզացիային: Ուստի առաջիկա ընտրություններն ունեն բացառիկ, միգուցե՝ պատմական նշանակություն»:
Խոսրով Հարությունը շատ էական է համարում այն, որ պետք է զերծ մնալ քաղաքական մասնակիցներին պիտակավորելու գայթակղությունից. «Այսօր կեղծ թեզ է հնչում. Հանրապետականը վաղուց չունի խորհրդարանում քաղաքական մեծամասնություն: Ես Հանրապետականի փաստաբանի դեր չեմ կատարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































