Երեկ Հանրապետական կուսակցության հետևողական ջանքերով տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխության փորձը: Քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին էր, բավարար չէր պարզ մեծամասնությունը, պետք էր 63 ձայն, ինչը հնարավոր չէր առանց ՀՀԿ: Եթե հաջորդ փորձն էլ տապալվի, ապա դեկտեմբերի արտահերթ ընտրությունը կանցնի հին օրենսգրքով: Այստեղ առանցքային դիտվում է վարկանիշային ընտրակարգի հարցը: Այդ ընտրակարգը թույլ է տալիս առավելագույնս խաղարկել տեղային գործոնը, նախորդ իշխանության համակարգում՝ փողային գործոնը: ՀՀԿ-ն ձգտում էր պահպանել այդ ընտրակարգը, սակայն այստեղ կա հետաքրքիր հանգամանք: Այն թաքնված մեծամասնականն է, սակայն աշխատող է, եթե բաժանվում է փող: Եթե դա չկա, ապա ՀՀԿ-ի համար այդ ընտրակարգը ոչինչ է: Այդ դեպքում իրականում ինչ է թաքնված ՀՀԿ բոյկոտի տակ, որին մասնակիորեն մասնակցեցին նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Խորհրդարանական ընտրությունները շատ ավելի լարված և ընդգրկուն են լինելու, և ՀՀԿ-ն հույս ունի, որ պղտոր ջրերում ինչ-որ ձկնիկներ կարող է բռնել,- նշեց Կ. Ռուբինյանը: -ՀՀԿ-ն դեմ կանգնեց ԸՕ-ի ժողովրդավարացմանը և խոչընդոտում է երկրի զարգացումը»:
Պ. Մակեյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ի վերջին հույսերից մեկն է, որ վարկանշային ընտրակարգով՝ տարածաշրջանային բդեշխներով ինչ-որ բանի կարելի է հասնել: «Փոփոխված ԸՕ-ն առաջին հերթին պետք էր ՀՀԿ-ին: Հին ԸՕ-ով ընտրությունների գնալով՝ քաղաքական դաշտի հուղարկավորության վերջին մեխն են խփում: Իշխանությունը հետևություն պետք է անի, չի բացառվում, որ նոր անակնկալներ կլինեն»,- ընդգծեց Պ. Մակեյանը:
Գորգիսյանի խոսքով՝ եթե ՀՀՇ-ի հաշվարկը վարկանշային ընտրակարգը պահելն է, ապա նրանք սխալ են հաշվարկել. «Քանի որ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորները, որոնք ահռելի թվով ձայներ էին բերել, ստորագրել են փաստաթուղթ՝ Փաշինյանին սատարելու վերաբերյալ»:
Քննարկման մասնակիցների կարծիքով՝ նոր ԸՕ-ն ՀՀԿ-ին շատ ավելի մեծ հնարավորություններ էր տալիս, իսկ գործող ԸՕ-ով նախատեսված նվազագույն՝ հինգ տոկոս շեմը ՀՀԿ-ն հաղթահարելու հնարավորություն չունի. «ՀՀԿ-ն իր էներգիան սխալ ուղղությամբ է ծախսում և ընտրությանը մանսակցելու դեպքում հարվածներ է ստանալու»:
Գ. Գորիգիսյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն նաև ընդդիմադիր դաշտը չի կարող վերցնել, քանի որ ժողովրդի վստահությունը չի վայելում:
Մանրամասն՝ տեսանյութում:







































