Ճապոնիայում հարսանեկան արարողություններ կազմակերպող Crazy ընկերությունը որոշել է մոտիվացնել իր աշխատողներին՝ հավելյալ վճարելով նրանց առողջ և որակյալ քնի համար։ Դա, ըստ գործատուի, պետք է բարձրացնի մարդկանց արտադրողականությունը և թույլ տա ավելի կենսուրախ և աշխատունակ զգալ միջոցառումների ժամանակ՝ գրում է fraza.ua-ը։
Ընկերությունը այդ նպատակով գնահատման համակարգ է ներմուծում․ մեկ բալը հավասարազոր է մեկ յենի։ Օրական վեց ժամից ավելի մեկշաբաթյա քնի համար կարելի է վաստակել մինչև 600 յեն, այնուհետև մեկնարկում է բոնուսային համակարգը․ եթե աշխատակիցը անբավարար քուն չունենա ողջ ամսվա ընթացքում, ապա նրա հաշիվը հինգ հազար յենով կավելանա, դա մոտ 50 դոլար է։

Համակարգը մշակվել է որպես սմարթֆոնի հավելված․ այն արձանագրում է մարդու շարժումները քնի մեջ և կարող է որոշել քնի տևողությունը և «խորությունը»։
Ստացած բալերով կարելի է վճարել, օրինակ, ընկերության սրճարանում, որտեղ նույնպես հոգ են տանում, որ աշխատակիցների սնունդը առողջ և հավասարակշռված լինի։








































