Եվրամիությունը կարող է Մալթայի իշխանություններին արգելել ներդրումների դիմաց ազգային և եվրոպական քաղաքացիություն տալը: Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են հասնել ոչ միայն այն բանին, որ անձնագրերի վաճառքը ճանաչվի շենգենյան օրենսդրությանը հակասող, այլև ընդհանուր առմամբ հասնել ԵՄ-ում օտարերկրացի ներդրողների կեցության իրավունքի և քաղաքացիության տրամադրման կանոնների խստացման: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Մալթայի կառավարության նախաձեռնությունը, որը թույլ է տալիս այդ երկրի քաղաքացիություն ձեռք բերել 650 հազար եվրոյով, առաջացրել է ԵՄ գործընկերների դժգոհությունը: Երեկ Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են բանաձև, որում քննադատել են Մալթայի այդ քայլը:
«Շենգենը եվրոպական նախագիծ է, որը հիմնված է փոխադարձ վստահության վրա,- հիշեցրել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը:- Չի կարելի ընդունել նման սխեմաներ առանց շենգենյան գոտու մյուս պետությունների և Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցությունների»:
Համանման սխեմաներ գործում են ԵՄ այլ երկրներում նույնպես, սակայն պահանջները ներդրողների հանդեպ ավելի խիստ են: Մալթան երկրում մի քանի տարվա բնակություն չի պահանջում, այլ դատվածության բացակայություն, անշարժ գույքի ձեռք բերում և որոշակի գումարի չափով արժեթղթերի ձեռք բերում: Եվրախորհրդարանականների կարծիքով՝ քաղաքացիության հանդեպ նման վերաբերմունքը անհարգալից է և խարխլում է եվրոպական արժեքները:
Մալթայի ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ կառավարական նախաձեռնությունը կարող է փչացնել երկրի հեղինակությունը և խանգարել Մալթային ֆինանսական օգնություն ստանալ ԵՄ-ից անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար: Նորարարության հակառակորդները հաստատում են, որ իշխանությունները չեն կարող կանխել ապագա քաղաքացիերի ֆինանսական խարդախությունները, մասնավորապես՝ փողերի լվացումը: Անձնագրերի ստացմամբ արդեն հետաքրքրվել են Լիբիայի, Սաուդյան Արաբիայի և Սիրիայի հարուստ բնակիչները:







































