Ամերիկացի հնագետները Եգիպտոսի հարավում դամաբարան են հայտնաբերել, որը պատկանում է պատմության մեջ նախկինում չհիշատակված Սենեբեքեյ փարավոնին, ով իշխել է 3700 տարի առաջ:
Դամբարանը գտնվում է Աբիդոս քաղաքում: France Presse գործակալությունը նշում է, որ Փենսիլվանիայի համալսարանի հնագետների այս նոր գտածոն նոր ապացույց է այն բանի, որ Եգիպտոսի մի մասը նվաճված չի եղել հիքսոսների կողմից:
Եգիպտոսի հնագիտական գործերով նախարարության ներկայացուցչի խոսքերով` սարկոֆագի և պատերի վրա զարդատախտակ է գտնվել Սենեբեքեյի անվամբ:
Հնագետները հայտնաբերել են նաև փարավոնի կմախքը, որի հասակը, ենթադրաբար, 185 սմ է եղել:
«Աբիդոսի արքայական դինաստիան, որը, հնարավոր է, հիմնադրվել է Սենեբեքեյի կողմից, եգիպտական ծագում է ունեցել և չի ենթարկվել հիքսոսներին»,- կարծում է նախարարության ներկայացուցիչը:







































