Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկայում հանդիպում կունենա Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ-ի հետ. խոսքն առանձին հանդիպումների մասին է: Նա հայտարարել է, որ Փարիզում քննարկել է արտահերթ ընտրության հարցը նախագահ Արմեն Սարգսյանի հետ, և քննարկում կլինի նաև Երևանում: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից հետո իրավիճակ է փոխվել, և նա արտահերթի թեման կքննարկի նաև Ծառուկյանի հետ:
Առավել ուշագրավ է հայտարարությունը ՀՅԴ մասով, որտեղ վարչապետը նշել է, թե հանդիպել է այդ կուսակցության սփյուռքյան կառույցների հետ, և այդ առումով արտահերթի թեմայով քննարկում կլինի նաև ՀՅԴ-ի հետ: Եվ ի վերջո, Փաշինյանն անդրադարձել է իր հրաժարականին՝ ասելով, որ ինքը դե յուրե հրաժարական է տալու, սակայն դե ֆակտո մնալու է վարչապետ, և այդ իմաստով պետք է փարատել հանրության անհանգստությունը:
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը գործնականում ազդարարում է իր հրաժարականի գործընթացի մեկնարկ, որը տանելու է դեկտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրության: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի և ՀՅԴ-ի հետ քննարկելու է հարցը՝ իր հե՞տ են գնում, թե՞ ոչ: Այսինքն՝ դա մի կողմից՝ կլինի հանդիպում բանակցություն-երկխոսություն, մյուս կողմից՝ ըստ էության կլինի վերջնագիր: Ընդ որում, այստեղ խնդիրը շատ պարզ է՝ այդ քաղաքական ուժերը կանգնած են կա՛մ արտահերթի գնալու և այդպիսով քաղաքական որևէ հեռանկարի հույս պահպանելու, կա՛մ վերջնականապես քաղաքական ասպարեզից դուրս գալու ընտրության առաջ: Ընդ որում, հեռանկարի առումով ընդհանրապես քաղաքական ասպարեզը լքելը այլընտրանք չունի նրանց համար, հարցն այն է, թե ինչպես լքել՝ պատվով և արժանապատվությա՞մբ, հանրության հետ փոխհամաձայնությա՞մբ, թե՞ հասարակության դեմ գնալով՝ դրանից բխող հետևանքներով:
Ըստ էության Նիկոլ Փաշինյանն այդ հարցն է քննարկելու Ծառուկյանի ու ՀՅԴ-ի հետ: Ընդ որում, դատելով արդեն հնչող արձագանքներից թե՛ Ծառուկյանի հարցազրույցից, թե՛ ՀՅԴ ներկայացուցիչների հայտարարություններից, նրանք գիտակցում են իրավիճակի նրբությունն ու փորձում են ձևակերպել, այսպես ասած, հոկտեմբերի 2-ից նահանջի ճանապարհը:
Այս ֆոնին խիստ հատկանշական է այն, թե քաղաքական դաշտի իրադարձություններին զուգահեռ ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան հանգստյան օրերին քրեաիրավական դաշտում: Ձերբակալվել է Սամվել Մայրապետյանը, որը Ռոբերտ Քոչարյանին հարող անմիջական շրջանակի ներկայացուցիչ է: Միաժամանակ տեղի են ունեցել սպանություններ՝ Յուվեցի Կարոյին սպանել է Կարամելի Հարութը, իսկ հետո եղել ինքնասպան, իսկ նրանց, այսպես ասած, «ռազբորկային», ըստ տեղեկությունների, ներկա է եղել Աբրահամ Մանուկյանը, որը բավական ազդեցիկ ֆիգուր էր ԲՀԿ-ում: Ընդ որում, Յուվեցի Կարոն և Կարամելի Հարութը 2012 թվականին ձևավորված խորհրդարանում ԲՀԿ խմբակցությունից էին:
Իրավիճակը գործնականում փոխվել է քաղաքական և քրեաիրավական զուգահեռ ուղղություններով, իսկ հաշվի առնելով այն, թե ինչ բնույթի էր նախկին համակարգը, որը փորձում է դիմադրել խորհրդարանի արտահերթ ընտրությանը, ակնհայտ է դառնում, որ դրա հեռացումը գործնականում մտել է, այսպես ասած, եզրափակիչ փուլ, որն ազդարարում է Նիկոլ Փաշինյանը:







































