Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունները երեկ քննադատել են երիտհանրապետականները: Նրանք մինչև այսօր լուռ էին, իսկ սա այն կոնտինգենտն է, որը կխոսի, հատկապես նման հարցերում, միայն Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումը կամ առնվազն հավանության մասին հստակ տեղեկատվություն ունենալու պայմաններում:
Առանձնապես հատկանշական պետք է համարել Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որը ՀՀԿ-ի խոսնակն է և, ըստ էության, այս առումով կարելի է ասել, որ Շարմազանովի պատասխանը ՀՀԿ-ի, կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի պատասխանն է:
Խոսնակը Ռոբերտ Քոչարյանին հայտարարել է անցյալում մնացած գործիչ: Նման հայտարարություններ Շարմազանովն ինքը իհարկե չէր անի Ռոբերտ Քոչարյանի խոսքերի առիթով, եթե չունենար իր անմիջական ղեկավարի համաձայնությունը: Չի բացառվում նույնիսկ, որ հենց Սերժ Սարգսյանն էլ հուշել է պատասխանի նման բովանդակությունը: Բոլոր դեպքերում, սա ակնհայտորեն Սերժ Սարգսյանի միջամտության դրսևորում է, և հետաքրքրական է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը հարկ կհամարի՞ արձագանքել Շարմազանովի բնորոշումներին, և արդյոք այդ արձագանքում ակնարկներ կանի՞ Սերժ Սարգսյանի հասցեին: Սարգսյանը, ինչպես երևում է, անում է ամեն ինչ՝ առաջինը, այսպես ասած, չխոսելու համար, և կարծեք թե ձգտում է, որ Ռոբերտ Քոչարյանը նախահարձակ լինի, այսպես ասած, անվանապես: Իսկ Ռոբերտ Քոչարյանը խուսափում է դրանից, ընդ որում՝ նա 2013 թվականին տվել էր հետաքրքրական բացատրություն՝ չի սազում երկու ղարաբաղցիների մրցակցությունը: Նա այդ հայտարարությունն արել էր ի պատասխան հարցի, թե ինչու չի մասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: 2018 թվականի ընտրություններում Սերժ Սարգսյանն առաջադրվելու հնարավորություն չունի, սակայն բնականաբար ձգտելու է առաջադրել իրեն ձեռնտու թեկնածուի: Եվ այդ թեկնածուն հաստատ Ռոբերտ Քոչարյանը չէ, որովհետև Քոչարյանն ուժեղ թեկնածու է, իսկ Սերժ Սարգսյանին պետք է մարդ, որը, այսպես ասած, կլինի կառավարելի նախագահ, դրածո նախագահ:
Եվ ահա, այս իմաստով հենց այստեղ հարկ է ուշադրություն դարձնել վերջին ամիսներին հայկական մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ Հայաստանի նախագահի պաշտոնի, այսպես ասած, իշխանական թեկնածուներից է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն այսօր հատուկ հանձնարարություններով Սերժ Սարգսյանի դեսպանն է: Ղուկասյանը, այսպես ասած, հեռու է պահվում քաղաքական «ռազբորկաներից» և ներքաղաքական սահմաններից, և տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը նրան խնայում է կամ փայփայում 2018-ի համար: Ըստ էության կստացվի, որ Սերժ Սարգսյանը կրկին առաջադրում է ղարաբաղցի թեկնածու՝ այդպիսով Ռոբերտ Քոչարյանին ըստ էության փաստի առաջ դնելով՝ եթե նա վերջնականապես որոշի առաջադրվել նախագահական պաշտոնի համար: Չէ՞որ Քոչարյանը ասել է երկու ղարաբաղցիների մրցակցության ոչ սազականության մասին:








































