Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ քաղաքացիական նախաձեռնությունների և ոչ կոալիցիոն չորս ուժերի համատեղ պայքարում գլխավոր բաղադրիչը, ամեն դեպքում, նախաձեռնության հեղինակ-ակտիվիստներն են: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին փորձը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացները, որտեղ քաղաքացիներ չկան, վերածվում են քաղաքական խաղերի, որտեղ քաղաքացին շահ չունի, նրա շահը հաշվի չի առնվում որևէ քաղաքական ուժի կողմից, ամեն մեկն իր հատվածային շահերով է հետաքրքրված. դա անկանոն խաղ է, որ ոչ մի տեղ չի տանում:
«Սա լրացուցիչ հարկ է, որ քաղաքացու վրա է դրվում՝ առանց նրան հարցնելու: Ո՞վ է ձեզ թույլ տվել, պարոնա՛յք, դուք այդ իրավունքը չունեք: Փառք ու պատիվ մեր երիտասարդներին, որ հասարակության ամենակրթված հատվածն են, ավելին՝ մեր երկրի ապագան են, քանի որ այդ բարձր աշխատավարձ ստացող, վճարվող, բարձր որակավորում ունեցող քաղաքացին է այն շերտը, որին հասու են լինելու նոր գաղափարներ:
Հունվարի 18-ի հավաք-երթը մեծ իրադարձություն է, կարևոր շրջափուլ: Այստեղ հարցականները մնում են միայն ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի մասնակցության հետ կապված. դժվար է ասել՝ ինչո՞ւ են այնտեղ մասնակցելու, ի՞նչն էր խանգարում նախկինում նման ակտիվություն ցուցաբերել, ուր էին նրանք: Այս հարցերի պատասխանն առայժմ չունենք»,- ասաց նա:
Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը կարևորում է քաղաքական ուժերի միավորումը հարցի շուրջ, քանի որ այն և՛ տնտեսական, և՛ իրավական կողմ ունի: Խաժակյանի խոսքով՝ բարեփոխումների կարիք կա, սակայն ոչ այն բարեփոխման, որ առաջարկում է կառավարությունը: «Կարևոր է պատգամավորների մասնակցությունը այս պայքարին և հետևողականությունը: Մենք ևս հետևելու ենք այս գործընթացին, հասնելու ենք նրան, որ ՍԴ-ն ի վերջո կկասեցնի և հակասահմանադրական կճանաչի այս օրենքը: էական կողմն այն է, որ կա նախաձեռնություն, քաղաքացիների խումբ, որ պայքարում են հստակ հարցի շուրջ: Այս պարագայում նախաձեռնությունն առաջարկել է անել հանրահավաք, այդ հարցերով հենց իրենք են զբաղվում: Ոչ իշխանական խմբակցությունների միավորումը հարցի շուրջ ավելացնում է այն աղը, որ կօգնի քաղաքացիական նախաձեռնությանը՝ պայքարը տանել այնպիսի ատյաններում, ինչպիսին է ՍԴ-ն»,- ասաց նա:
Խաժակյանի համոզմամբ՝ կարևոր է, որ կա միավորում, և միավորում հարցի շուրջ, որ կուսակցական գաղափարախոսություն չի ճանաչում. սա ամենակարևոր առաջխաղացումն է: Մեհրաբյանը հարցին՝ արդյոք հունվարի 18-ին տեղի ունենալիք հանրահավաքը կարո՞ղ է լինել վերջին շրջանում գրանցված ամենամեծ հավաքը, դժվարացավ պատասխանել, նշեց, որ դա չեն կարող ասել՝ ոչ ինքը, ոչ էլ որևէ այլ մարդ: Այդ մասին պարզ կդառնա հենց ամսի 18-ին, սակայն տեսականորեն իրենց որպես ամենահզոր ուժ ներկայացնողների կեսն անգամ եթե դուրս գա Ազատության հրապարակ, դա սարսափելի բան կլինի:
«Մյուս կողմից՝ ես կցանկանայի՝ մենք զերծ մնայինք իլյուզիաներից. ի վերջո, այս օրենքն իշխանությունների՝ բիրտ և հասարակությանն անհաղորդ ձևով ընդունելն ընդամենը մի դրսևորում է նրա, ինչպես է իշխանությունն իրեն պահում հասարակություն-պետություն հարաբերություններում, ինչպես են ընդունվում որոշումներ, ինչպիսին է դրանց որակը: Սա ընդամենը մի տարր է, որ մտածել է տալիս այդ մասին: Ես շատ եմ ցանկանում, որ այս նախաձեռնությունը հասնի հաջողության: Առանձին օրենքում առանձին հաջողության հասնելը չպետք է մեզ թուլացնի: Մենք տեսել ենք հատվածային հաջողություններ, 100 դրամի հոյակապ ակցիան, որ քաղաքային իշխանության մեջ որևէ որակ չբերեց, բան չփոխեց, նրանք ընդամենը հետքայլ արեցին»,- ասաց նա:
Մեհրաբյանի խոսքով՝ հատվածային մոտեցումներից պետք է գալ համակարգային մոտեցումների. քաղաքական բաղադրիչը, պառլամենտական ուժերը խիստ խայտաբղետ են, նրանք իշխանության հետ բազմիցս գնացել են ինչ-ինչ հակահասարակական կոմպրոմիսների, ուստի չէր ցանկանա, որ նրանց միավորումն ինչ-որ առանձնակի հրճվանք պատճառներ, թեև կարևոր է, սակայն պետք է խիստ վերապահում ունենալ: Քաղաքական ուժերը պետք է ծառայեն քաղաքացուն, հակառակ դեպքում օֆիսներ են, որ ծառայում են իրենք իրենց:
Փորձագետը նշում է, որ պետք է ուշքի բերել և ստիպել ծառայել քաղաքացուն, գոնե հունվարի 18-ի ակցիայում այդ հնարավորությունն ինքը տեսնում է:
Խաժակյանը նշում է՝ հունվարի 18-ի նպատակը հստակ է. ՍԴ-ն պետք է կայացնի որոշում, հակասահմանադրական ճանաչի օրենքը: Սա պայքարի ընդամենը մի հանգրվան է, պայքարը շարունակական է լինելու, լինելու են քաղաքացիական անհնազանդություններ և այլն, քանի որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, նաև՝ քաղաքացուն չի կարելի պարտադրել մասհանում կատարել, այն էլ՝ ոչ պետական ֆոնդի օգտին:
«Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ. մարդկանց վրա, առանց հարցնելու, դրել են հինգտոկոսանոց հարկ: Ո՞վ է ձեզ լիազորել: Ես ձեզ տամ այդ գումարը, հետո ումի՞ց ուզեմ, ո՞վ եք դուք: Քաղաքացիները ե՞րբ կունենան իշխանություն, անգամ եթե պարտադիրը մտնի, ո՞վ է այդ գումարների վերադարձելիության երաշխավորը: Դա պետք է լինի իշխանություն, ում վստահում է այդ քաղաքացին: Հիմա ես ուզում եմ հռետորական հարց տալ. դուք վստահո՞ւմ եք այս իշխանությանը»,- ասաց Ռ.Մեհրաբյանը՝ հավելելով, որ այս օրենքն ինքնին պարզապես ցցուն է դարձնում իշխանության բնույթը, նրա և որոշումների որակը:
Մեհրաբյանի խոսքով՝ աբսուրդի չափաբաժինն անցել է կրիտիկականի բոլոր սահմանները, և կարծում է՝ գարնանն ընդառաջ քաղաքացիական զարթոնք կլինի, ուստի պետք է սթափվել, ճակատագիրը վերցնել մեր ձեռքը: «Հայ ժողովուրդը մայդանի ընդունակ է, ես դրան չեմ կասկածում»,- ասաց նա:







































