Եգիպտոսում նոր Սահմանադրության հարցով հանրաքվեն, որը տեղի կունենա հունվարի 14-15-ին, սկսվում է վախի մթնոլորտում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 160 հազար զինվոր և 200 հազար ոստիկան ամբողջ երկրով մեկ հսկում են ընտրատեղամասերը:
Տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները կոչ են անում բոյկոտել քվեարկությունը, սակայն չեն կարող տեղեկատվորեն դիմադրել պետական քարոզչությանը, որը կոչ է անում քվեարկել հանուն անվտանգության և կայունության:
Չքվեարկելու կոչ պարունակող պաստառների համար սպառնում է ձերբակալություն: Բացի այդ, իշխանությունները սպառնացել են դատի տալ ինտերնետ-սրճարանների, տպագրատների սեփականատերերին, եթե նրանց ռեսուրսներն օգտագործվեն հանրաքվեի դեմ քարոզ տանելու համար:
Նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն իր անհանգստությունն է հայտնել Եգիպտոսում շարունակվող ձերբակալությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:
Բացի այդ, քվեարկությունը տեղի կունենա այն պայմաններում, երբ «Մուսուլման եղբայրներ» շարժման հազարավոր կողմնակիցներ գտնվում են ճաղերի հետևում:










































