«Այդ օրենքի նախագիծը շատ խոր և համակարգային, քաղաքական ենթատեքստ չուներ, դա կանոնակարգում էր ԱԺ նիստերի ընդհատել-չընդհատելու ռեժիմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նախօրեի երեկոյան ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից ընդունված աղմկահարույց օրինագծին: Նա հավելեց, որ դրանում կարելի է տեսնել որոշակի ենթատեքստ, բայց ոչ շատ:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո հընթացս արվեց ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման նոր առաջարկ, որը ենթադրվում էր, որ պետք է քննարկվեր. «Չէ՞ որ մենք պայմանավորվածություններ էինք ունեցել փոխելու նոր Ընտրական օրենսգիրքը, որը չկա, քաղաքական ուժերը, այդ թվում՝ արտախորհրդարանական, ինչ-որ չափով պե՞տք է պատրաստվեին դրան: Դա կբերեր նրան, որ մենք կստանայինք նոր քաղաքական մենաշնորհ, որի դեմ մենք պայքարում էինք»:
Որպես ԱԺ փոխնախագահ՝ մեր զրուցակիցը հարց բարձրացրեց. «Լա՞վ է, որ լիագումար նիստերը տևում են կես կամ մի ժամ. ինչի՞ց է դա, որովհետև օրակարգ չկա, որը պետք է բերեր կառավարությունը»:
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը դեռ հույսը չի կորցրել՝ հոկտեմբերի վերջին գուցե ԸՕ-ի փոփոխությունները ներկայացնեն ԱԺ, և հավելեց. «Բանակցելու պայմաններ և հնարավորություն միշտ էլ պետք է լինեն, և այդպես էլ պայմանավորվել ենք, որ վարչապետի հետ շփումները շարունակվեն: Եվ հետո՝ մենք դեռ պաշտոնական որոշում չենք կայացրել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































