Նախօրեի իրադարձությունները փաստեցին, որ հակահեղափոխության ուրվականը միս ու արյուն է ստացել ու պատրաստ է պայքարել՝ անգամ անազնիվ մեթոդներով:
«Աշխարհի բոլոր հեղափոխությունները, այդ թվում նաև մերը, չեն կարող չունենալ հակահեղափոխություն, որը կա՛մ պետք է փորձի հաղթել, կա՛մ ռևանշի գնալ՝ փորձելով փրկվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ նրանք պարզապես չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ կորցրել են իրենց իշխանությունն ու ազդեցությունը, և չեն կարող ունենալ այն, ինչ ունեցել են վերջին 20 տարիներին:
Իրավապաշտպանը ընդգծեց՝ նախօրեի զարգացումները ցույց տվեցին, սակայն, որ մեր ժողովուրդը չի հանդուրժելու, թույլ չի տալու, որ նրանք հաջողություն գրանցեն: «Ազգային ժողովի այն արհեստական նիստը, որ նրանք գումարեցին, և այն ձևը, որով նրանք ընդունեցին այդ «օրենքը», խոսում է այն մասին, որ նրանք ցայտնոտի մեջ են, և իրենց ձեռքերը ծղոտներին են գցում»,- նկատեց Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՅԴ-ն ղեկավարվում են նույն կենտրոնից, որը լուծում է սեփական անձի, սեփական ունեցվածքի պաշտպանության խնդիրը:
«ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն սովոր են կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում ստանալ իրենց ձայները, նույնիսկ գնելու պարագայում պետք է պայմանավորվել, թե ինչքանն է վաճառքի դրվում: Իսկ Երևանի ավագանու ընտրություններում առևտուր տեղի չի ունեցել, և ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հասկացան, որ այս խաղում իրենք տեղ չունեն, և որոշեցին հայտնվել այնտեղ, որտեղ էին»,- նշեց իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































