Fotocasa անշարժ գույքի իսպանական խոշորագույն պորտալը ներկայացնում է 2013 թվականին վաճառքի հանված իսպանական ամենաթանկ տների վարկանիշային ցուցակը, գրում է newsru.com-ը:
Առաջին տեղում Լա Մորալեխա քաղաքի կենտրոնում գտնվող 14 մլն եվրո արժողությամբ, 3500 քմ մակերեսով վիլլան է: Այն շրջապատված է գեղեցիկ այգով: Այգում կա լճակ, լողավազան, զվարճալիքների գոտի, թենիսի կորտեր: Տան ներսում առկա են մի քանի բուխարիներ, մեծ գրադարան, տաք լողավազան, սաունա, շոգեբաղնիք, ֆիթնես սրահ՝ անհրաժեշտ բոլոր մարզասարքերով:
Երկրորդ հորիզոնականը ներկայացնում է նույն քաղաքում գտնվող, 2010-ին էֆեկտիվ դիզայնով և վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված մեկ այլ տուն: Տաք լողավազան, ջակուզի, մարզասրահ, թենիսի կորտ, մինի գոլֆ, գինու մառան՝ ահա հարմարությունների միայն մի մասը: Տան գինը 12.9 մլն եվրո է:
Երրորդ ամենաթանկ տունը գտնվում է Ժիրոնայում՝ 12 մլն եվրո արժողությամբ:
Պիովերայում տեղակայված առանձնատունը զբաղեցնում է 1545 քմ մակերես: Այն ունի 7 ննջասենյակ և 9 լոգարան: Արժեքի մեջ է ներառված նաև հյուրատունը՝ տեղակայված լողավազանի կողքին:
Վերջին՝ հինգերորդ տեղում Լա Սագալետայում գտնվող, 10.95 մլն եվրո արժողությամբ վիլլան է: Այն էքսկլյուզիվ հարմարություններ ունի, ինչպիսիք են թենիսի ակումբը, ձիարշավարանը, գոլֆի 2 դաշտ, ուղղաթիռի հրապարակ, բաց, տաք լողավազան: Տունն ունի 6 ննջասենյակ՝ լոգարաններով, աշխատասենյակ, բիլիարդ, մարզասրահ, սաունա, բաղնիք, կինոսրահ, 15 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ, գինետուն:









































