Թմրադեղերի վաճառքով զբաղվող Ջեյսոն Վալդեսը, Սոլթ Լեյք Սիթիի հյուրանոցներից մեկում կրակ բացելով ոստիկանության ներկայացուցիչների վրա՝ 16 ժամվա ընթացքում հեռախոսի օգնությամբ թարմացնում էր Facebook սոցցանցի իր էջը,- փոխանցում է Mashable-ը:
Ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին, Օգդենի ոստիկանությունը թմրամիջոցներ վաճառելու մեղադրանքով պետք է ձերբակալեր Վալդեսին: Այդ պահին նրա գործը քննվել է դատարանում, սակայն ինքը չի ներկայացել դատական պրոցեսին: Երբ ոստիկանները եկել են Վալդեսի ետևից, նա փակվել է հյուրանոցի սենյակում և Facebook-ի իր էջում սկսել է հրապարակումներ գրել տեղի ունեցող իրադարձությունների մասին: Վալդեսը կարողացել է 6 անգամ ստատուս գրել և երկու նկար հրապարակել այն աղջկա հետ, որին նա պատանդ է պահել:
«Լավ, տղաներ, ես շուտով բաց կթողնեմ Ջեսիկային»,- ասված է հաղորդագրություններից մեկում:
«Այսպես, ես բաց թողեցի աղջկան, սակայն այս տականքները փորձեցին ներս խուժել։ Բայց ես նրանց ասել էի նման բան չանել, այդ իսկ պատճառով մի քանի անգամ կրակեցի նրանց վրա, բայց կարծես ամեն ինչ նորից է սկսվում»,- ասված է մյուս հաղորդագրության մեջ:
Պաշտպանվելու 16 ժամվա ընթացքում Վալդեսը սոցցանցում ձեռք է բերել մեկ տասնյակ նոր ընկեր: Հետո ոստիկանները գրոհով վերցրել են սենյակը, որի ժամանակ Վալդեսը սեփական զենքով կրակել է իր կրծքավանդակին:








































