Քիչ առաջ Ավանում գտնվող «Արթմեդ» բուժհաստատություն մահացել է գրող Լևոն Խեչոյանը:
Նշենք, որ նա բուժման նպատակով հոկտեմբերի կեսից գտնվում էր Գերմանիայում, որտեղ վիրահատության էր ենթարկվել, սակայն վիճակը գնալով վատացել էր և վերջերս նրան անկողնային վիճակում տեղափոխել էին Հայաստան:
Լևոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։
1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։
1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։
Լևոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։
1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։ Այս վեպը նաեւ թարգմանված է ռուսերեն։ Լևոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն և այլ լեզուներով։
«Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։









































