2014թ. առաջին կեսին Եվրամիության նախագահությունը Հունաստանին փոխանցելու գործընթացը կսկսվի Եվրահանձնաժողովի անդամների ու Հունաստանի կառավարության անդամների՝ Աթենքի «Զապիոն» կոնգրեսի պալատում համատեղ նիստով: Նիստին կմասնակցեն ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ու ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի այլ անդամներ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այնուհետև կհաջորդեն աշխատանքային ճաշն ու նախարարների ու եվրահանձնակատարների մասնակցությամբ աշխատանքային խմբի նիստը:
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը կհանդիպի Ռոմպեյի ու Բարոզուի հետ, ինչից հետո նրանք հանդես կգան հայտարարությամբ:
Հունաստանը ԵՄ-ում իր նախագահության համար ընտրել է ազգային գույներով (սպիտակը կապույտի վրա) առագաստանավի տարբերանշան:
Կես տարվա ընթացքում, ինչպես սպասվում է, տեղի կունենան ԵՄ երկրների նախարարների մակարդակով 14 խորհրդակցություն, բարձր մակարդակի 35 հանդիպում, աշխատանքային խմբերի 57 նիստ, 33 համաժողովներ, սեմինարներ:









































