Սյունիքի մարզում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում տուն է այրվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին: Ամբողջությամբ այրվել են երկու երկհարկանի բնակելի տներ՝ գույքով, ևս երկու տուն՝ մասամբ (մոտ 150-ական քմ):
Հրշեջները տեղում իրականացնում են հերթապահություն:









































