ԱՄՆ իմիգրացիոն և մաքսային վերահսկողության դաշնային ծառայությունը վիճակագրություն է ներկայացրել, որտեղ ասվում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին 9 ամսվա ընթացքում, որը կավարտվի սեպտեմբերի 30-ին, երկրից առնվազն 191 հազար ապօրինի ներգաղթյալ է արտաքսվել։
Անցած ֆինանսական տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտաքսվածների թիվը 9 տոկոսով ավելացել է։ Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ապօրինի ներգաղթյալները պետք է «անհապաղ արտաքսվեն» ԱՄՆ-ից։

Հիմնականում արտաքսում են նրանց, որոնք փորձել են գաղտնի երկիր ներթափանցել կամ որոնց ձերբակալել են Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև արտաքսում են ԱՄՆ-ում տարբեր իրավախախտումների համար ձերբակալվածներին։










































