Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի տասնյակից ավել համայնքների խաղողագործները երեկվանից սկսված բողոքի ակցիան շարունակում են։ Պահանջը խաղողի մթերման գնի վերանայումն Է։ Նրանք հանդիպում ունեցան մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի հետ։ Մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վերջնական լուծման մասին խոսելը շուտ է, պետք է քննարկումներ իրականացվեն։ Ի դեպ՝ քիչ հետո խաղողագործների հետ մարզպետարանում կհանդիպի նախարար Արթուր Խաչատրյանը։
Մարզպետը խաղողագործների բարձրացրած այն հարցին, թե Սամվել Ալեքսանյանի կողմից վաճառվող թունաքիմիկատները անորակ են, նշեց՝ եթե գրավոր բողոք ունենան, անպայման ընթացք կտան հարցին։ Գյուղացիներից մեկի խոսքով՝ տարիներ շարունակ իրենք Ալեքսանյանի անորակ թունաքիմիկատներն են օգտագրծել, այժմ հայտարարում են՝ էլ չեն ուզում։ Մարզպետն ասաց, որ իրենք գյուղացիների կողմից մի քանի խելամիտ առաջարկներ ստացել են, որը քննարկելու են։
Քիչ հետո կսկսվի գյուղատնտեսության նախարարի և գյուղացիների հանդիպումը։









































