Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը, որ տեղի է ունեցել Բաբլոյանի նախաձեռնությամբ, և որը փաստորեն չի մերժել Փաշինյանը, դրան հաջորդած հայտարարության համատեքստում, ըստ էության, հնարավոր է գնահատել որպես ներքաղաքական հրադադարի մասին հայտարարություն: Հայտնի է, որ հանդիպումների շարքի մասին Բաբլոյանը հայտարարեց օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթից հետո, որով վարչապետը հայտարարեց հեղափոխության երկրորդ ալիքի մասին, դրա համար սահմանելով արդեն բավական կոշտ գործիքակազմի կիրառման հնարավորություն: Արա Բաբլոյանը մտահոգություն հայտնեց այդ կապակցությամբ և հայտարարեց հանդիպելու նախաձեռնության մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է առաջարկը և հանդիպման արդյունքում որոշվել է, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն գոնե առայժմ չկա, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում էլ չի լինի ժամանակացույցի փոփոխություն: Այստեղ, թերևս, առկա է երկու էական հարց: Նախ՝ ո՞ւմ պայմանով է եղել համաձայնությունը, ո՞ւմ պայմանով է հաստատվում այդ «հրադադարը»: Թեև այդ հարցի պատասխանը գուցե բավականին նշմարելի է: Օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը իր իսկ համար սահմանեց չափազանց կոշտ նշաձողեր և այդ տեսանկյունից նա թերևս հաշվարկել էր նաև հնարավոր պայմանավորվածության հանգամանքը, որ կարող էր գալ, այսպես ասած՝ նախորդ համակարգից:
Ըստ այդմ, Փաշինյանը հանրահավաքին սահմանեց բավականին կոշտ, արմատական նշաձող, արդեն հնարավոր բանակցությանը իր համար շահեկան պայմաններով այսպես ասած փոխզիջման գնալու համար: Այդ տեսանկյունից, դատելով նաև հայտարարության մեջ արձանագրումներից, «հրադադարը» հաստատվում է վարչապետի պայմաններով, որոնք, ի դեպ, գործում են ըստ էության ապրիլի 23-ից սկսած, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ թավշյա հեղափոխության պայմաններով: Ի վերջո՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ժողովրդական ուղիղ կառավարման մասին, իսկ այդ դրույթը Փաշինյան-Բաբլոյան հանդիպման վերաբերյալ տարածած հայտարարության մեջ շոշափված չէ, և այստեղ, իհարկե, նշմարվում է ենթահարցը. ուժի մե՞ջ է մնում ուղիղ ժողովրդական կառավարումը, թե՞ ոչ:
Մյուս կողմից, դա գործնականում այն երաշխիքն է, որը վարչապետին պետք է տա հեղափոխության օրակարգը և ընթացքը առաջ տանելու հնարավորություն, հակառակ դեպքում նա ստիպված է լինելու դիմել պերմանենտ վերջնագրերի և բանակցությունների: Թեև, ի վերջո, դրանք կարող են սպառվել, և նա կարող է ձեռնամուխ լինել «անցումային արդարադատության», որը, այլ կերպ ասած՝ լինելու է իհարկե ժողովրդական արդարադատությունը՝ անկախ անցումային արդարադատություն հասկացությանը տրվող մասնագիտական կամ նույնիսկ ակադեմիական բնորոշումներից: Սակայն դա, իհարկե, ամենևին իրադարձությունների զարգացման միարժեք արդյունավետ ու դրական սցենար չէ և կասկած չկա, որ ինչ-որ իմաստով կլինի ցնցումային: Մի բան, որը, անշուշտ, պետք չէ Հայաստանին: Մյուս կողմից, սակայն, ցնցումային, շոկային քայլերից խուսափելու գինը չի կարող լինել թավշյա հեղափոխության արգելակումը և որևէ ձևով վակուումի առաջացումը, որը կլցնի ներքին տարածությունը քաոսով:
Հետևաբար, նախորդ համակարգը պետք է վստահ լինի, որ, ի վերջո, Հայաստանն այլևս իրենց չի վճարելու որևէ գին, հետևաբար, հնարավոր չի լինելու սակարկել, այսպես ասած, «ցնցումների անցանկալիության» վրա: Սակայն անշուշտ ամենաընդունելի տարբերակը իշխանության սահուն փոխանցման տարբերակն է, որի երաշխիքն էլ պետք է լինի ժողովրդական ուղիղ կառավարումը՝ հատկապես նկատի ունենալով, որ ներկայումս գործադիր իշխանությունը չունի այլ հենարան: Հենարան պետք է լիներ խորհրդարանը, որն էլ այդպիսին կարող է լինել միայն ժողովրդական ուղիղ կառավարման հայացքի ներքո: Այս տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխության փոխզիջումը պետք է լինի միայն «անցումային արդարադատությունը», իսկ Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը, որը ենթադրում է խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմ, պետք է առաջ մղվի և դառնա իրականություն, որպես քաղաքական պայմանավորվածությունների իրավական գրավական: Մյուս հարցն այն է, թե այդուհանդերձ ո՞ւմ էր ներկայացնում Արա Բաբլոյանը: Խորհրդարանի ՀՀԿ խմբակցությա՞նը, Ռոբերտ Քոչարյանի՞ն, որի այսպես ասած առանցքով ծավալվեցին վերջին երկու շաբաթների թեժացումները, Սերժ Սարգսյանի՞ն՝ նրա խորհրդավոր լռությամբ: Բացառել թերևս պետք է «բոլորին» տարբերակը: Ոչ այն պատճառով, որ Արա Բաբլոյանը չէր կարող ներկայացնել բոլորին, այլ որովհետև բոլոր՝ որպես այդպիսին, ներկայումս գոյություն չունի, ինչը, սակայն, էլ ավելի է հետաքրքրացնում ինտրիգը, թե Բաբլոյանն այդուհանդերձ ո՞ւմ անունից է բանակցել Փաշինյանի հետ և պայմանավորվել կոշտ գործողություններից զերծ մնալու հարցում, այդպիսով՝ ըստ էության լեգիտիմացնելով օգոստոսի 17-ի հանրահավաքի, այսպես ասած՝ քաղաքական բովանդակությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































