Դժվար է չհամաձայնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի այն դիտարկման հետ, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում չկա քաղաքական թարմություն։ Գուցե հետաքրքիր է հետևել, թե նոր կարգավիճակում ինչպիսի ընտրական վարքագիծ է ունենալու «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցությունը, Հայաստանում ինչպիսի հեռանկար կարող է ունենալ արևմտյան կողմնորոշում ունեցող դաշինքը՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դեմքով, կամ՝ նոր իրողություններին ինչպես են ադապտացվելու նախկին համակարգի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դերակատարներ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, սակայն, մեծ հաշվով, այս ուժերը, ինչպես նաև՝ մյուսները, որոնք հավակնում են ձևավորել քաղաքային նոր իշխանություն, նոր չեն՝ իրենց մոտեցումներով, անգամ՝ հռետորաբանությամբ ու կարգախոսներով։
Սակայն ընտրական կամպանիային մասնակցում են առնվազն երեք քաղաքական ուժեր, որոնք՝ անկախ իրենց քաղաքական հետագծից ու դիրքավորումից, քաղաքական տեսանկյունից՝ «հոգնած» են՝ այն իմաստով, որ վաղուց նրանց աստեղային ժամն անցել է։ Իհարկե, այս դեպքում՝ մասնակցությունը միայն ողջունելի է, որովհետև հեղափոխությունը հնարավորություններ է բացել ու քաղաքական ուժերը կարող են ինքնադրսևորման նոր հարթականեր գտնել։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ցանկությունները գոնե առայժմ գտնվում են տեսության մակարդակում ու դեռևս չկան նախադրյալներ՝ ենթադրելու, որ «Օրինաց երկիր», «Ժառանգություն» կամ «Երկիր ծիրանի» կուսակցությունները հանրությանը կներկայանան նոր ասելիքով, կրեատիվ գաղափարներով։
Երեկ ՕԵԿ-ը որոշում է կայացրել 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։ ՕԵԿ-ում համարում են, որ կուսակցությունն առաջին օրերից ակտիվ մասնակցել է հեղափոխությանը՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրամատիկ իրադարձությունների օրերին ՕԵԿ-ը հանդես է եկել մի քանի հայտարարություններով։ Սակայն հասարակության ընկալման տեսանկյունից՝ ՕԵԿ-ը, մեղմ ասած, ոչ միայն չի ասոցացվում հեղափոխության, այլ նույնիսկ նույնանում է այն համակարգի հետ, որը հեռացվել է հեղափոխության հաղթանակի արդյունքում։
ՕԵԿ-ի համար աստեղային, սակայն՝ միևնույն ժամանակ, ճակատագրական ջրբաժան են եղել 2008-ի նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած արյունոտ իրադրաձությունները։ Արթուր Բաղդասարյանն, ըստ պաշտոնական արդյունքների, նախագահական ընտրություններում ստացել էր մոտ 18% քվե՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Բաղդասարյանի դիրքորոշումը հետընտրական փուլում շատ կարևոր էր․ նա կարող էր դառնալ գործընթացի հերոսը, եթե միանար համաժողովրդական շարժմանը՝ մանևրելու հնարավորությունից զրկելով Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին, սակայն ՕԵԿ առաջնորդը որոշեց ընդունել կոալիցիա կազմելու իշխանության առաջարկությունն՝ առնվազն քաղաքական լեգիտիմության շղարշ տալով նրա ուժային գործողություններին, որոնց հետևանքով գնդակահարվեց Հայաստանի տաս քաղաքացի։ Այս իրադարձությունից հետո ՕԵԿ-ի անունը հասարակությունը կապում է քրեաօլիգարխիայի հետ՝ թեև մինչև Մարտի 1-ի իրադարձություններն էլ ընտրողների մի հատված կասկածանքով է վերաբերել այս կուսակցության ընդդիմադիր գործունեությանը։ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ձախողումը ՕԵԿ-ին ֆորմալ առումով է սահմանազատել իշխանությունից, սակայն նրա համար չի ապահովել անգամ «հալածյալի» կերպար։ Մի քանի հայտարարություններով կամ հեղափոխության օրերին ռացիոնալ վարքագծով հնարավոր չէ հասնել քաղաքական ռեաբիլիտացիայի, մանավանդ՝ քաղաքական այսօրվա համատեքստում, երբ Մարտի 1-ի թեման օբյեկտիվորեն ակտուալացված է։ «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսը, եթե ամրապնդված չէ նոր բովանդակությամբ ու կրեատիվ գաղափարներով, ՕԵԿ-ին ոչինչ չի տալու, մանավանդ՝ կուսակցությունն անցած տաս տարում չի կարողացել համոզիչ պատասխան տալ այն հարցին, թե ինչու իր վարքագծով նպաստեց, որ «մեր Երևանում» 2008-ի մարտի 1-ին գնդակահարվեն անմեղ քաղաքացիներ։
Րաֆֆի Հովհաննիսյանը մեր իրականության ֆենոմենալ գործիչներից մեկն է․ անբացատրելի է, թե ինչպես նա կարողացավ սեղմ ժամկետում կորցնել իր փոքրաթիվ, բայց արդյունավետ քաղաքական թիմը՝ 2013-ի նախագահական ընտրություններում ստանալով շուրջ կես միլիոն քաղաքացիների քվե։ Սակայն ընդամենը հինգ տարի հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգություն» կուսակցությունը նույնանում են ոչ թե հեղափոխության հաղթանակի(ինչպես իրենք են պնդում), այլ՝ քաղաքական լուզերության հետ։ Տեսահոլովակում Նիկոլ Փաշինյանի հետ արված կադրերը կամ «Ժպտա» կարգախոսը գործնականում ոչինչ չեն տալու «Ժառանգությանը», որովհետև Երևանի ավագանու ընտրություններում հեղափոխության հետ նույնանում է ոչ թե բազմափորձ Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ՝ գործնական քաղաքականութունից հեռու Հայկ Մարությանը։ Գոնե մինչև մեր հրապարակման պահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը չի գտել քաղաքական նոր ասելիք, բացի այն անհերքելի փաստից, որ կուսակցությունն ունի մաքուր անցյալ, որը, սակայն, ավելի շատ բարոյական, քան՝ քաղաքական կատեգորիա է։ Իհարկե, ոմանք պնդում են, որ Հովհաննիսյանն այս ընտրություններին մասնակցում է՝ խորհրդարանական ընտրությունների շեմին Փաշինյանի թիմի հետ բանակցային ռեսուրսներն ավելացնելու նպատակով։ Սակայն այս վարկածը չի դիմանում քննադատությանը․ նախ՝ ՔՊ-ն քաղաքական դաշնակիցներ չի փնտրում, և հետո՝ առաջիկա ընտրությունների արդյունքները կարող են ավելի արժեզրկել «Ժառանգության» «բաժնետոմսերը»։
«Երկիր ծիրանին» ընդամենը մեկ տարեկան է, սակայն նրա քաղաքական հեռանկարները փակվեցին շատ արագ։ Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող Զարուհի Փաստանջյանը հաջողության շանս ուներ նախկին իշխանության անտագոնիստական ռեժիմի պարագայում, ինչի դրսևորումը դարձավ «Երկիր ծիրանիի» մուտքը Երևանի ավագանի։ Կոնսոլիդացված հասարակության պարագայում քաղաքական արմատականությունը, մեղմ ասած, հաջողություն բերող բրենդ չէ, մանավանդ, որ այս դաշտում Փոստանջյանն ունի լուրջ մրցակից՝ ի դեմս նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության, որի պարագայում արմատականությունը շատ ավելի կիրառական նշանակություն ունի, քան՝ քաղաքապետի սեղանն աղտոտող կոյուղաջուրը։
Այնուամենայնիվ, քաղաքականությունն ու ընտրությունները, մանավանդ՝ հետհեղափոխական Հայաստանում նոր շանս են, որից գուցե կարողանան օգտվել վերը թվարկված քաղաքական ուժերն ու գործիչները։ Անհայտ են, թե ո՞ւր են տանում ընտրական ճանապարները։
Լուսանկարը՝ Photolure-ի










































