Չինաստանի առևտրի փոխնախարար Վան Շոուվենը գլխավորելու է օգոստոսի երկրորդ կեսին առևտրային բանակցությունների համար ԱՄՆ մեկնող պատվիրակությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Առևտրի նախարարությունում նշել են, որ բանակցությունները անց են կացվելու ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է Դևիդ Մալփասը, որը ֆինանսների նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալն է։
Չինական առևտրային գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Չինաստանը չի համաձայնի միակողմանի տնտեսական միջոցառումներին, սակայն ողջունում է առևտրի հարցերով երկխոսությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը հարկեր է մտցնում ԱՄՆ 16 միլիարդ դոլարի ծավալով ապրանքների վրա։ Դա տեղի է ունենալու Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների ներմուծման վրա 25% հարկեր մտցնելուն զուգահեռ։









































