Հայաստանը պետք է անդրկուլիսյան բանակցությունների միջոցով Մոսկվայի առաջ դնի այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանի իշխանությունները չեն գնալու։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք էր հայտնել, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել են Վրաստանի հարևան երկրները:
Ըստ Համբարյանի՝ այդ հայտարարությունը վերաբերում էր հենց Հայաստանին։ «Նույն Ադրբեջանը շատ վաղուց այդ զորավարժություններին մասնակցել է։ Պաշտոնական Մոսկվան վերջին տարիներին ուղղակի պարտադրում էր Հայաստանի իշխանություններին, որ չմասնակցեն այդ զորավարժություններին։ Ժամանակին Հայաստանը մասնակցում էր, ինչը մերթընդմերթ պաշտոնական Կրեմլի դժգոհությունն էր հարուցում։ Այս կոչը տիկին Զախարովան ուղղեց Հայաստանի իշխանություններին, և նրանք դժգոհում են, որ Հայաստանը մասնակցում է Ռուսաստանի թիվ մեկ թշնամի ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին»,- նշեց Համբարյանը և հավելեց, թե սա վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի շարունակությունն է. «Սկսած թավշյա հեղափոխության սկզբից՝ պաշտոնական Կրեմլին մոտ գտնվող քաղաքական գործիչները սկսեցին անպարկեշտ արտահայտություններ անել Փաշինյանի մասին, իսկ իշխանության գալուց հետո մի քանի միջադեպեր տեղի ունեցան՝ Փանիկի միջադեպը, Լավրովի արտահայտությունները։ Հայ-ռուսական հարաբերություններում ոչ ամեն ինչ է նորմալ, և ճգնաժամը ավելի կխորանա, եթե այսպես շարունակվի»։
Քաղաքագետը հարաբերությունների վատթարացման մեջ ռուսական կողմին շատ չի մեղադրում։ «Իրենց մոտ կայսերական մտածելակերպ կա, դրանից չեն ձերբազատվել։ Վերջին տարիներին ամեն ինչ արեցինք, որ դառնանք Մոսկվայի ֆորպոստը։ Հիմա փորձում ենք մեղմ, դիվանագիտորեն բացատրել, որ այսպես շարունակվել չի կարող, հայկական կողմը համաձայն չէ այն ֆորմատի հետ, որը գոյություն է ունեցել Քոչարյանի իշխանության վերջին և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին»,- ասաց Գագիկ Համբարյանը՝ որպես հարաբերությունների կարգավորման ելք նշելով. «Հիմա պետք է անդրկուլիսյան բանակցությունների միջոցով Մոսկվայի առաջ դնենք այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանի իշխանությունները չեն գնալու։ Սա հավասարների հարաբերություններ չեն։ Հայաստանը, իհարկե, չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ երբ տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչպիսի հարաբերություններ ունի Բալթյան երկրների, Արևելյան Եվրոպայի երկրների հետ, եթե ՌԴ-ն ցանկանա, շատ նորմալ հարաբերությունների մեջ կլինի»։
Ըստ քաղաքագետի՝ պաշտոնական Մոսկվան առիթավորվել է, որ մեր ռազմավարական ոլորտները՝ էներգետիկա, գազ, երկաթուղի, գնվում են իր վերահսկողության տակ։ «Սա մեծ խնդիրներ է հարուցում իրենց համար, քանի որ սկսում են հովանավորել հասարակության կողմից մերժված գործիչների, ինչպես, օրինակ, Արտաշես Գեղամյանին։ Ավելի են մեծացնում հակառուսական տրամադրությունները, իսկ հետևանքը կարող է վատ լինել»,- ասաց նա և նշեց, որ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն, Մոսկվան կարող է պատժել տարածքային կորուստներով, ուստի հարկավոր է կոնկրետ և հստակ խոսել, հասկանալ իրար։
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն էլ, մեկնաբանելով Զախարովայի հայտարարությունը, նկատեց, որ ՀՀ զինված ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղարար միջոցառումներին Հայաստանի իրավունքն է, և Ռուսաստանը չի միջամտի, սակայն որոշ դեպքեր կարող են մտահոգություն առաջացնել։ «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի իրավունքն է, այլ հարց է, որ Ռուսաստանը որոշակի հավասարակշռություն է ուզում։ Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, սակայն ՀԱՊԿ անդամ է, ունի դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի հետ։ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի շատ խաղաղարար միջոցառումների։ Իսկ ի՞նչ չէր ուզի Ռուսաստանը՝ չէր ուզի, որ Հայաստանը մասնակցեր այնպիսի զորավարժությունների, որոնք կապ չունեն խաղաղարար գործունեության հետ։ Զորավարժությունները, որ կայանալու են Վրաստանում, խաղաղարարության հետ կապ չունեն»,- ասաց Եվսեևը և հավելեց, թե լուրջ պատճառներ չի տեսնում, թե ինչու պիտի Հայաստանը մասնակցի այդ զորավարժություններին։
Հարցին՝ ի՞նչ պետք է անել ճգնաժամը կարգավորելու համար, Եվսեևը պատասխանեց. «Առկա լարվածությունը հանելու համար հարկավոր է առնվազն երկկողմ խորհրդակցություններ անցկացնել։ Դրանք պետք է անցկացվեն ինչպես առանձին նախարարությունների, մասնավորապես՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այնպես էլ վերին ղեկավարության միջև։ Ընդ որում, հարկավոր է հանել թե՛ Ռուսաստանի ունեցած, թե՛ Հայաստանի ունեցած մտահոգությունները»։
Որպես Հայաստանի մտահոգություն՝ Եվսեևը նշեց 100 մլն դոլարի ռազմական մատակարարումների պայմանագրի կատարումը, բնական գազի սակագնի չփոփոխումը ռուսական կողմից։ «Ռուսաստանը չէր ցանկանա, որ արագանար Հայաստանի շարժը դեպի Արևմուտք։ Խնդիրն այն է, որ այն պայմաններում, երբ Արևմուտքը հզորագույն ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, խոսակցությունները, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև, անգամ կամուրջ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև, անիմաստ են։ Արևմուտքին որևէ կամուրջ պետք չէ»,- ասաց Եվսեևը։
Ըստ փորձագետի՝ պատերազմի դեպքում, պայմանագրի համաձայն, Ռուսաստանը պետք է ստանձնի Հայաստանի անվտանգության ապահովումը։ «Որքանո՞վ են Հայաստանում հասկանում այդ հանգամանքը։ Ուստի, երբ Հայաստանի շուրջ իրավիճակը լարվում է, հարկավոր է փոխըմբռնում կողմերի միջև»,- ասաց ռուս փորձագետը։







































