Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այսօր միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը փոխելու համար: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արցախցի պատգամավորները խնդրում են Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:
Անկախ այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի առաջին նախագահը՝ այս միջնորդությունն իրավական տեսանկյունից խոցելի է, եթե չասենք՝ անհեթեթ է։ Հանուն մեկ մարդու թերևս չարժե կասկածի տակ դնել Արցախի պետական ինստիտուտների լրջությունը․ չկա նման համաշխարհային պրակտիկա, երբ այլ երկրի պատգամավորները միջամտում են թեկուզև բարեկամ պետության ներքին գործերին։ Արցախի պատգամավորները պետք է քաղաքական նրբանկատություն ունենային և ձեռնպահ մնային նման միջամտությունից, մանավանդ որ ԼՂՀ-ում ամռան սկզբին արձանագրված քաղաքական ճգնաժամի օրերին Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն իրենց թույլ չտվեցին ուղղակի միջամտել իրավիճակին՝ անելով քայլեր, որոնք ԼՂՀ-ում գործնականում նպաստեցին քաղաքական լարվածության լիցքաթափմանը և հասարակության կոնսոլիդացիային։
Տվյալ դեպքում խնդիրն ունի քաղաքական ընդգծված համատեքստ և ուղղակի անթույլատրելի է, որ Արցախի իշխանությունը կամ նրա առանձին ճյուղեր դառնան Հայաստանի քաղաքական հակադրության կողմ։ Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Նախաքննությունն իրականացնող ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անցած օրերին առնվազն երկու անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կարող է էապես խոչընդոտել հանցագործության բացահայտմանը։ Նման իրավական պարզաբանումներից հետո Արցախի պատգամավորների միջնորդությունն ընդգծված քաղաքական ենթատեքստ ունի․ԼՂՀ խորհրդարանը փաստորեն մարտահրավեր է նետում Հայաստանի արդարադատությանը՝ դիրքավորվելով Հայաստանում մոլեգնող հակահեղափոխության ճամբարում։ Այս միջնորդությամբ Արցախի խորհրդարանն ակամայից պատասխանատվություն է ստանձնում Մարտի 1-ի համար, ինչը զանազան խոսակցությունների թարմացման առիթ է դառնալու, մանավանդ՝ ակտիվ շրջանառվում է այն վարկածը, որ ԼՂՀ իշխանությունները, մեղմ ասած, մասնակից են Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին։ Արցախի պատգամավորների այսօրվա միջնորդությունը ոչ բարեկամական վերաբերմունք է Հայաստանի իշխանության հանդեպ, որը որոշակի չհասկացվածություն կարող է առաջացնել հայկական երկու պետությունների իշխանությունների հարաբերություններում։
Խնդիրն ունի նաև բարոյական ենթաշերտ․ Հայաստանի հասարակությունն ունի կոնսոլիդացված դիրքորոշում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում։ Արցախում պարտավոր են հարգել Հայաստանի հասարակության տրամադրությունները՝ ավելորդ անգամ տուրք չտալով «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական ու վտանգավոր անջրպետին։
Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման ամենաբացասական հետևանքներից մեկը հենց ներազգային միասնության խաթարումն էր։ Նրա կողմից Արցախի հարցի անզուսպ շահարկումը հանգեցրեց նրան, որ հայության երկու հատվածների հարաբերություններում առաջացավ որոշակի լարվածություն։
Թավշյա հեղափոխությունը, բարեբախտաբար, հաղթահարեց այդ ճգնաժամը՝ կոնսոլիդացնելով աշխարհասփյուռ հայությանը, առաջին հերթին՝ Հայաստանի ու Արցախի հասարակություններին։
Կասկածից վեր է, որ Արցախի իշխանությունն այս օրերին գտնվում է Ռոբերտ Քոչարյանի թիմի տոտալ ճնշման տակ, կամ իսկապես պատասխանատվության իր բաժինն ունի Մարտի 1-ի իրադարձությունների համար։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Արցախի խորհրդարանի նախաձեռնությունը, որը միանշանակ բացասական արձագանքի է արժանանալու Հայաստանում։







































